Իրարանցում Ազգային ժողովի դահլիճում
Այսօր Ազգային ժողովի քառօրյա նիստերի մեկնարկը սկսվեց իրարանցումով: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ոչ իշխանական խմբակցությունները որոշել են խորհրդարանական լսումներ անցկացնել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման վերաբերյալ:
«ԲՀԿ դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ օր առաջ հրավիրել խորհրդարանական լսումներ՝ հրավիրելով Էներգետիկայի նախարարին ու հայտ ներկայացողներին, որոնք ըստ իրենց, վնասներով են աշխատել, սակայն մազոխիստաբար շարունակում են չհրաժարվել նրանց ծառայությունից: Հորդորում ենք՝ այս հարցը դարձնել ԱԺ նախաձեռնություն ու բոլոր շահագրգիռ կողմերով քննարկումներ անել, թե ինչ հաշվարկների հիման վրա են պնդում, որ սակագնի թանկացումը պետք է», -հայտարարեց Զոհրաբյանը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արձագանքեց և ասաց, որ երբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պատրաստ լինի, լսումները կկայանան:
Այնուհետև ելույթի իրավունք խնդրեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և նկատեց, որ «պոստֆակտում» պետք է արձագանքեր սակագնին:
«Մենք հիմա պետք է նախապես քննարկումներ իրականացնեինք, թե ինչու են ՀՀ էներգետիկ ցանցերը 300 մլն-ի պարտք կուտակել: ՀԷՑ-ի ղեկավարության պարզաբանումներից պարզ է դառնում, որ իրենց լեքսուսների ու աստղաբաշխական թվերով ձեռք բերված հողատարածքների համար սպառողները պետք է վճարեն»,-հայտարարեց Փաշինյանը:
ԱԺ նախագահը արձագանքեց Փաշինյանին և ասաց, որ չպետք է բանակների բաժանվեն այս հարցում. «Եթե սակագինը բարձրանում է, ապա դա մեր բոլորիս հոգսն է: Մենք դեռ որևէ նյութ չունենք այդ մասին, դա լիազոր մարմնի մոտ է, կհրավիրենք լսումների, կքննարկենք: Դուք խոսում եք լեքսուսների կամ այլ չարաշահումների մասին, այդ նյութերը ներկայացրեք այլ շահագրգիռ մարմինների: Եթե այլ վերլուծությունների եք սպասում, ապա լիազոր մարմնին պետք է սպասել»:
ԱԺ նիստի առաջին հատվածում վարման կարգով ելույթներ խնդրեցին ևս մի քանի պատգամավորներ, սակայն երբ ԱԺ նախագահը լսում էր, որ նրանք անդրադառնում են Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման խնդրին, անջատում էր նրանց խոսափողները:
Իրավիճակից ելքը գտավ ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը և 20 րոպե ընդմիջում խնդրեց, ինչն ընդունվեց: