Հայաստանում է հայտնի բժիշկ և ծաղրածու Պետչ Ադամսը
Այսօր Հայաստան է ժամանել բժիշկ և ծաղրածու, հիվանդանոցային ծաղրածուական արվեստի (կլոունադայի) հիմնադիր Հանթեր Դոհերթի Ադամսը (Hunter Doherty Adams), ով աշխարհում հայտնի է Պետչ Ադամս (Patch Adams) անունով:
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժնից հայտնում են, որ նրա Հայաստան այցելության գաղափարը քննարկվել է գործարար և բարերար, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի հետ, այցը կազմակերպվում է IDeA հիմնադրամի և «Go2Armenia» ընկերության կողմից՝ համագործակցելով համապատասխան պետական կառույցների, առողջապահական և սոցիալական տարբեր հաստատությունների հետ:
Պետչ Ադամսը մասնագիտությամբ բժիշկ է, սոցիալական ոլորտի նորարար, միաժամանակ համարվում է ծիծաղի հոգեթերապիայի և կլոունադայի հիմնադիրներից մեկն աշխարհում:
Նրա բարեգործական, նորարարական ծրագրերի, բժշկող ծաղրածուական ներկայացումների մասին գիտեն ողջ աշխարհում: Հենց նրա կերպարն է մարմնավորել օսկարակիր դերասան Ռոբին Ուիլյամսը 1998թ. նկարահանված «Պետչ Ադամսը» (հայ հանդիսատեսին ֆիլմը հայտնի է ռուսերեն անվանումով՝ «Целитель Адамс») ֆիլմում:
1970-ականների սկզբին Ադամսը ԱՄՆ-ում հիմնել է Gesundheit institute-ը (Բարի առողջության ինստիտուտ), որը գործում է որպես բժշկական- էկոլոգիական հաստատություն և որտեղ անվճար բժշկական օգնություն է ցուցաբերվում:
Իր հիվանդանոցային ծաղրածուների խմբով Ադամսը տարեկան մոտ ինը այց է կատարում աշխարհի տարբեր երկրներ: Նրանք ծաղրածուական հագուստներով ներկայացումներ են կազմակերպում հիվանդանոցներում և մանկատներում, ծերանոցներում ու ինտերնատներում: Փոքրիկները նրա ներկայացում-սեանսների շնորհիվ կարողանում են արագ հաղթահարել բարդ և ագրեսիվ թերապիաների ազդեցությունը: Պետչ Ադամսի ձեռնարկումներն ու գաղափարները վարակիչ են, նրա փորձը հայտնի է ողջ աշխարհում, շատ վայրերում այն հաջողությամբ կիրառվում է:
Նա համոզված է, որ ծիծաղը հիվանդներին նաև ֆիզիկապես է օգնում:
«Քաղցկեղի դեպքում, օրինակ, ապացուցված է, որ ծիծաղն օգնում է «զինվոր-բջիջների» թվի ավելացմանը, որոնք ոչնչացնում են քաղցկեղի բջիջները: Ծիծաղն ամրապնդում է իմունային համակարգը, նպաստում է օրգանիզմում էնդորֆինի արտադրությանը: Մի խոսքով, այս ամենը շատ դրական բիոքիմիա է»,-իր հարցազրույցներից մեկում ասել է նա:
Հայաստանում մեկշաբաթյա այցի ընթացքում Պետչ Ադամսը հիվանդանոցային ծաղրածուների իր խմբով (նրան կուղեկցեն նաև ռուսաստանյան «Дети Марии» գեղարվեստական կենտրոնի ծաղրածուները) Երևանում, Գյումրիում,Վանաձորում և Դիլիջանում կայցելի մանկատներ և մանկական հիվանդանոցներ, հանդես կգա յուրօրինակ ծրագրով: Բացի այդ, դասախոսություններ կկարդա Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում և Հայաստանի ամերիկյան համալսարանում:
Տեղեկանք
Հանթեր Դոհերթի Ադամսը (Պետչ Ադամս) ծնվել է 1945 թվականին, Վաշինգտոնում: Մասնագիտությամբ բժիշկ է, 1973թ. ստացել է բժշկական գիտությունների դոկտորի կոչում: 1970-ականների սկզբին հիմնել է Gesundheit institute-ը (Բարի առողջության ինստիտուտ), որը գործում է մինչև այսօր և ամբուլատոր ու ստացիոնար անվճար բժշկական ծառայություններ է մատուցում՝ միավորելով ավանդական կլինիկական պրակտիկան և ոչ ավանդական բժշկությունը: «Ինստիտուտի միջոցով ես կարող եմ մարդկանց անվճար մատուցել Ամերիկայում ամենաթանկ ծառայությունը՝ բժշկությունը»,-իր հարցազրույցներից մեկում ասել է Ադամսը: Ավելի ուշ նա հայտնի է դառնում հիվանդանոցային ծաղրածուի իր գործունեությամբ և համարվում է այդ ուղղության պիոներներից: Նա նաև սոցիալական ակտիվիստ է, բարի կամքի դեսպան: Աշխարհի տարբեր համալսարաններում հանդես է գալիս ծիծաղի թերապիայի վերաբերյալ դասախոսություններով:
Կլոունաթերապիա
Վերջին 20 տարվա ընթացքում աշխարհի տարբեր երկրների հատկապես մանկական հիվանդանոցներում բժիշկների հետ միասին աշխատում են նաև ծաղրածուները:
Հիվանդանոցային կլոունադան երեխաների սոցիալ- մշակութային վերականգնմանն ուղղված գործունեություն է, որն իրականցվում է արտ թերապիայի, խաղային թերապիայի և կլոունաթերապիայի միջոցով: Առաջին հիվանդանոցային ծաղրածուները սկսել են գործել 1986 թվականին, ԱՄՆ-ում: Ներկայումս այդ շարժումը համարվում է համաշխարհային (կա հիվանդանոցային կլոունադայի շուրջ 30 կազմակերպություն, մի մասը կամավորական, մի մասը՝ պրոֆեսիոնալ):
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան