Կըլնի՞ ես էլ քեզ ասեմ` դու լավ կնիկ չես, անբարոյական ես. Սարոյանը` Փոստանջյանին
Այսօր Ազգային ժողովում քառօրյա նիստերի մեկնարկին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ իր հեղինակած նախագիծը` Սուրիկ Խաչատրյանի գործունեության ու նրա վերանշանակման մասին չի դրվել շրջանառության մեջ:
«Նա դատապարտված է եղել մի քանի անգամ ու չպետք է պաշտոնավարի այլևս: Դուք, այդպես էլ շրջանցելով ԱԺ Կանոնակարգ օրենքը, նախագիծը չդրեցիք շրջանառության մեջ ու դրա համար տեսնում ենք, ինչպես է նրա որդին պարբերաբար ընդգրկվում վիճաբանությունների մեջ, որի արդյունքում վերջերս մի երիտասարդ կուրացել է: Այդ մեղքի բաժինը նաեւ դուք եք կրում, պարոն Սահակյան, այս անպատժելի մթնոլորտի պատճառով, քանի որ Սուրիկ Խաչատրյանի պաշտոնավարումը հասարակության համար սպառնալիք է դառում: Նրա որդին թմրամոլ է, այս արատավոր ընտանիքը ունենալով լծակներ, սպառնալիք է հասարակությանը», -դիմելով ԱԺ նախագահին հայտարարեց Փոստանջյանը:
Գալուստ Սահակյանն ի պատասխան, հայտարարեց, որ այդ հանցագործությունների մասին ավելի լավ է խոսել իրավապահ մարմինների հետ, քանի որ ԱԺ լիազորությունների շրջանակում չէ այդ հարցը:
«Այսօր կամ վաղը Գլխավոր դատախազը հաշվետվությամբ է հանդես գալու, իրեն ուղղեք այդ հարցերը: Կարող եք նաեւ՝ որպես պատգամավոր, ցանկացած մարմնի բանավոր ու գրավոր հարցում ուղարկել: Բոլոր պատգամավորներն էլ դատապարտում են. եթե կա հանցակազմ, ապա պետք է դատապարտվի»,-Փոստանջյանին հորդորեց Սահակյանը:
Փոստանջյանի հայտարարությունը անպատասխան չթողեց նաև Սեյրան Սարոյանը և նստած տեղից Փոստանջյանին ուղղված ինչ-որ արտահայտություններ էր անում: Սակայն Փոստանջյանի ջանքերը վարման կարգով ելույթի ժամանակ Խաչատրյանի մասին խոսելու ապարդյուն անցան. ԱԺ նախագահը հրահանգեց անջատել խոսափողը:
Սեյրան Սարոյանի և Փոստանջյանի երկխոսությունը շարունակվեց հայտարարված ընդմիջման ժամանակ:
«Զզվցրիք Սուրիկով», -Փոստանջյանին բարկացած ասաց Սեյրան Սարոյանը: Իսկ Փոստանջյանն էլ նրան թվարկեց, որ «չորս անգամ դատապարտված է եղել»: Սակայն «Ժառանգության» պատգամավորը չհասցրեց ավարտել, և Սարոյանը ընդհատեց ասելով. «Ո՞վ ա դատապարտված եղել: Կըլնի՞ ես էլ քո մասին ասեմ` դու լավ կնիկ չես, անբարոյական ես: Այ քեզի բան»:
Փոստանջյանի հարցին, թե Սարոյանը ստանձնել է Սուրիկ Խաչատրյանի պաշտպանությունը, Սարոյանը դրական պատասխան տվեց: Փոստանջյանն էլ արձագանքեց. «Շատ իզուր»:
«Մարդուն վարկաբեկելու համար խելքդ քունը չի, քեզի չի սազում, Զարուհի: Եթե դու լավ քաղաքական գործիչ ես, մի վիրավորի ընտանիքին, երբեք ընտանիքներին չի կարելի կպնել: Սուրիկը քաղաքական գործիչ ա, ինչ ուզում ես, ասա: Իրա ընտանիքը գիտե՞ս ինչ բարոյական ա, իրա կնիկը, քո նման կնիկ ա, քո նման ընտանիք ունի», - Փոստանջյանին հորդորեց Սեյրան Սարոյանը:
Սակայն Փոստանջյանը անդրդվելի էր. «Նա մի քանի անգամ դատապարտված է եղել ու վերջ»:
Հարակից հրապարակում`
Իրարանցում Ազգային ժողովի դահլիճում