ՀՀ և Արգենտինայի միջև առկա է նաև փոխգործակցության չիրացված ներուժ. Սերգո Կարապետյան
«Հայաստանի և Արգենտինայի միջև հատկապես գյուղատնտեսության բնագավառում այս տարիներին ձևավորվել են փոխշահավետ հարաբերություններ: Սակայն երկու երկրների միջև առկա է նաև փոխգործակցության չիրացված ներուժ, որի արդյունավետ օգտագործման դեպքում կարելի է հասնել առավել տպավորիչ հաջողությունների»: Այս մասին նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը Սերգո Կարապետյանն՝ այսօր ընդունելով ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային:
ԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանգամանորեն ներկայացնելով դեսպանին Հայաստանի գյուղատնտեսության բնագավառի ներկա վիճակը, վերջին տարիների ձեռքբերումներն ու արդյունքները` Սերգո Կարապետյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Արգենտինայի միջև առկա են համագործակցության լայն հնարավորություններ, մասնավորապես, անասնապահության և վերամշակման ոլորտներում:
Իր խոսքում նախարարն ընդգծել է գյուղատնտեսության բնագավառի հետագա զարգացման համար ներդրումների իրականացման անհրաժեշտությունը, ինչպես նաև գյուղմթերքի արտադրության և արտահանման ծավալների ավելացման նպատակով համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունը:
Այդ ենթատեքստում նախարարը հնարավոր է համարել համատեղ անասնապահական ֆերմաների հիմնադրումը` վերամշակված արտադրանքը հետագայում Եվրասիական տնտեսական միություն արտահանելու հեռանկարով:
Դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան, գոհունակություն հայտնելով գյուղատնտեսության ոլորտում ձևավորված հայ-արգենտինական համագործակցության բարձր մակարդակով, վստահեցրել է, որ կներդնի առավելագույն ջանքեր այս ուղղությամբ փոխգործակցությունը խորացնելու նպատակով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև առաջիկայում երկկողմ համագործակցության շրջանակում հայ փորձագետների Արգենտինա կատարելիք այցին առնչվող հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները