Կադրից այն կողմ… Սոֆիկ Սարգսյան՝ նույն ինքը՝ «Նահապետ»-ի Նուբարը (տեսանյութ)
Կինոարվեստում և թատերարվեստում հայ ժողովուրդը չի ունեցել տաղանդավոր դերասանների պակաս: Ցավոք, այսօր նրանցից շատ-շատերը չկան: Հայտնի դերասանների կողքին, նրանց հետ խաղալով՝ իր դերասանական կարիերան է սկսել դերասանուհի Սոֆիկ Սարգսյանը՝ նույն ինքը «Նահապետ»-ի Նուբարը: Panorama.am-ի հետ զրույցում նա հիշեց իր անցած ստեղծագործական ողջ ուղին, հիշեց հետաքրքիր դեպքեր՝ կադրից այն կողմ:
-1980-ական թվականներին Ձեզ համարում էին խորհրդային կինոյի ամենաինքնատիպ դերասանուհիներից մեկը, Ձեր դերասանական խաղը բարձր էին գնահատում Ձեր խաղընկերները, ովքեր արդեն ճանաչված դերասաններ էին: Դուք ինչպե՞ս կգնահատեք Ձեր անցած ուղին:
-Կինոն շատ հեռու էր ինձնից: Մտածում էի՝ պետք է Սոֆի Լորեն լինես, որ կինոյում նկարվես: Բայց այնպես ստացվեց, որ ավարտելուց հետո, փաստորեն, ավելի շատ կինոյում եղա, քան թատրոնում: Իհարկե, պետք է սկսեմ Հենրիկ Մալյանից, իմ ուսուցչից: 1971 թվականին հանդիպեցի իրեն, Մանկավարժական ինստիտուտում հավաքում էր ռեժիսորական կուրս, և ես նետվեցի այնտեղ: 200-ից ավելի դիմում տվողների մեջ նաև ես էի: Եվ ընդունվեցի: Մշտապես ասում եմ, որ իմ կյանքը բաժանում եմ հանդիպում մինչև Մալյանը և կյանք Մալյանի հետ հանդիպումից հետո: Մեծագույն երջանկություն էր նրա ուսանողը լինել: Անցել է այսքան տարի, 1988 թվականից մեզ հետ չէ, բայց մինչև հիմա ես նրան ամեն օր, մշտապես պատմում եմ իմ հաջողությունների, անհաջողությունների մասին: Մինչև հիմա պատասխանատու եմ նրա առաջ: Շնորհակալ եմ իրեն: Նա «Նահապետ» ֆիլում ինձ հանձարարեց գլխավոր դերը՝ Նուբարի դերակատարումը, որը շատ անսպասելի էր: Մենք իր ուսանողներն էինք և բացարձակապես չէինք սպասում, որ պետք է նկարահանվենք ֆիլմում, այն էլ մեր ուսուցչի՝ Հենրիկ Մալյանի:
Ես արդեն երկու ֆիլմ ունեի՝ Յուրի Երզնկյանի «Այս կանաչ-կարմիր աշխարհը», Ֆրունզե Դովլաթյանի «Երկունք»: Երրորդը եղավ «Նահապետը»: Սա էլ գեղեցիկ պատմություն է: Մենք արդեն ավարտել էինք ինստիտուտը: Նա ուղարկել էր «Նահապետի» սցենարը տուն, բայց չէր ասել, որ այն տան Սոֆիկին: Իսկ ես զգացի, ինչ որ մի բան զգացի, նույնիսկ առանց մտածելու, որ կարող է նկարահանվեմ իր ֆիլմում, երազանքի պես բան էր, անհաս: Ես գիշերը կարդացի սցենարն ու էլի նույն տեղում դրեցի: Հետո մենք հանդիպեցինք փողոցում, ասում է. «Սոֆիկ կարդացի՞ր սցենարը»: Հարցնում եմ. «Բայց ինձ էիք ուղարկե՞լ, ընկեր Մալյան»: Ասում է. «Դե լավ, դու հո զգում ես»: Ամեն ինչ զգում էինք, նա մեզ այդպես էր սովորեցրել: Հիպնոս էր, արվեստի հիպնոս: Դրա համար ինձ դժվար է, երբ կանչում են ֆիլմում նկարահանվելու, այդ հիպնոսի կարիքն ունեմ: Նա մեծ հոգեբան էր, նաև էքստրասենս էր, պարզվում է: Նրան ոչինչ պետք չէր պատմել, նա ամեն ինչ գիտեր մեր մասին: Այդպես էլ մեզ սովորեցնում էր: Իրենից գալիս էր տաք օդը, մագնիսական դաշտը, գալիս էր մեզ ու մեզանից գնում էր իրեն: Երբ դասն ավարտվում էր, մենք բերաններս բաց նստում սպասում էինք, թե երբ պետք է օրն անցի, որ ինքը նորից մտնի լսարան: Շատ գեղեցիկ տղամարդ էր՝ կապուտաչյա, անուշ, սպիտակ: Սիրահարվում էինք ամեն վայրկյան, ամեն ժամ: Այդպես պետք է լինի, դու այդ մարդու միջոցով սիրահարվես ամբողջ արվեստին: Այդպես պետք է լինի արվեստը՝ կամ սիրում ես, կամ չէ:
-Եթե չհանդիպեիք Հենրիկ Մալյանին, գուցե այլ ուղո՞վ գնայիք:
-Ես սովորում էի Պոլիտեխնիկում: Դպրոցում լավ էի սովորում, ուսուցիչներս ասում էին՝ գիտելիքներդ ափսոս են, գնա Պոլիտեխնիկ: Բայց որ արտասանում էի ու խելառի պես ամեն օր թատրոնում էի, դա վաղուց էր: Իհարկե, կլինեի դերասան, բայց ինչպիսին կլինեի… Նրա կողմից մեծ համարձակություն էր ինձ դեր հանձնարարել «Նահապետ»-ում՝ Սոս Սարգսյանի, Գալյա Նովենցի, Մհեր Մկրտչյանի կողքին: Մեծ պատասխանատվություն էր: Ի պատիվ մեծերի, նրանք ամենևին, դրանից առաջ Խորեն Աբրահամյանը «Երկունք» ֆիլմում, բացարձակապես մի անգամ զգացնել չէին տալիս, որ վաստակաշատ, մեծ դերասաններ են, իսկ դու նրանց կողքին երիտասարդ, անփորձ դերասանուհի: Հենց այդտեղ էր նրանց մեծությունը: Ամեն վայրկյան կարող էին չէ՞ դիտողություն անել, ուղղել: Չտեսա նման բան, հավասարի պես աշխատում էինք:
-Իսկ Դուք ինչպե՞ս էիք Ձեզ զգում նման մեծությունների կողքին:
-Ես երկրպագում եմ նրանց մինչև հիմա, պաշտում եմ նրանց: Իրենց շնորհիվ է, որ ես իրենց հետ լավ էի զգում ինձ, վստահ: «Նահապետ» ֆիլմում նկարահանվելով՝ մենք բոլորս մասնակից եղանք ցեղասպանության խնդրին, մենք դարձանք անբաժան այդ պատմությունից: Առաջին ֆիլմն էր, որ խոսում էր, բարձրաձայնում էր այդ մասին ամբողջական: Մի ամբողջ ֆիլմ նվիրել Ցեղասպանությանը, այն էլ սովետական տարիներին, երբ չէր կարելի խոսել այդ մասին: Տարիներով չէր հաստատվում սցենարը: Մալյանը համառ էր, մեծագույն հայ, նրա կինոն ազգային էր:
-Սոս Սարգսյանի խաղընկերը լինելը ի՞նչ էր Ձեզ համար:
-Երբ Մալյանն ինձ ներկայացրեց Սոս Սարգսյանին, նա ինձ շատ հավանեց, ասաց. «Պահ էս ինչ հայ աղջիկ է»: Մինչև հիմա էլ տեսնում եք չէ, որ իսկապես հայ եմ՝ ոչ ներկվում եմ, ոչ պռտվում, իմ ուսանողներին էլ չեմ թողնում, առայժմ: Հավանեց ինձ Սոսը, բայց նկարահանումների ժամանակ շատ կոպիտ էր ինձ հետ: Ֆիլմից կնկատեք: Սայլի վրա ենք, երբ ինձ ասում է. «Կմրսես Նուբար», ես էլ ասում եմ. «Դու կմրսես», հետո շրջվում ու շատ կոպիտ ասում է. «Իաա»: Նահապետին չսազող կոպտություն է: Երբ հողը փխրեցնում ենք՝ սերմերը դնելու համար, ես ծածկում եմ, տեսեք ոնց է շպրտում իմ ձեռքը: Դա անում է Սոսը, ոչ թե Նահապետը: Այդքան հավանում էր ինձ, բայց երբ սկսվեցին նկարահանումները, սառը, կոպիտ էր ինձ հետ: Երբ գնում էինք նկարահանման՝ չգիտեի, բարևեմ, թե չէ: Ամաչում էի, բայց ինչ անեմ:
Շատ չքնաղ տեսարան էր գրել ընկեր Մալյանը, որը չկար Հրաչյա Քոչարի վիպակում: Սցենարը կարդացել եմ և եկել եմ նկարահանման: Ավտոբուսում հանվում-հագնվում էի, ընկեր Մալյանը մոտեցավ ինձ, ասում է. «Սոֆիկ ջան կարդացել ես սցենարը», ասում եմ. «Այո»: Ասում է. «Ես գիտեմ քեզ, դու պատրաստ ես ամն ինչի: Սոֆիկ ջան կներես՝ այսօր համ կմրսես, համ կարող է շատ մերկանաս, համ ամեն ինչ լինի, բայց դու ինձ կներես»: Ասում եմ. «Ես ամեն ինչի պատրաստ եմ ընկեր Մալյան»: Երբ գնացի շապիկս հագնելու, Սոսը բարձրացավ ավտոբուս: Խնդրեց բոլորին դուրս գալ: Լարվեցի, մտածում եմ տեսնես ինչ պետք է ասի: Երբ բոլորը դուրս եկան, ասում է. «Սոֆիկ ջան դու գիտես այսօր ինչ տեսարան է մեզ սպասվում, ես կանեմ ամեն ինչ ինձնից կախված, բայց քո օգնության կարիքն ունեմ»: Ասում եմ. «Ես պատրաստ եմ, ընկեր Սարգսյան»: Ասաց. «Շնորհակալ եմ»: Սցենարով՝ մենք գալիս ենք, խարույկներ վառում, կարպետներով ծածկում շիվերը, նստում քարի վրա: Ես հոգնած գլուխս դնում եմ Սոսի, Նահապետի ուսին: Դա չկա ֆիլմում: Բայց լուսանկարը կա: Վերջերս տեսա: Պարզվում է՝ «Երջանկության մեխանիկա» ֆիլմում խոհանոցում այդ լուսանկարը դրված է: Նահապետն անընդհատ իր ընտանիքի հետ էր հուշերով, ես՝ իմ: Եղեռնի հուշերը մեզ խեղդում են: Ինչ ընտանիք, ինչ ամուսիններ: Հանկարծ գլուխս դնում եմ Սոսի ուսին ու Նահապետի մեջ արթնանում է տղամարդը: Մենք նկարահանել ենք դա: Նա պատռում է իմ շապիկը, բացում է կուրծքս, հետո սկսում է սիրել ինձ: Հիշում եմ՝ օպերատոր Սերգեյ Իսրայելյանն ասում է. «Սոս ջան, eще дубл», ասում է. «а чтож»: Ու նորից դուբլ: Երբ տեսարանն ավարտվեց, ես արդեն մինչև ականջներիս ծայրը սիրահարված էի՝ չգիտեմ՝ Նահապետին, թե Սոս Սարգսյանին:
Նկարահանումից հետո ավտոբուսները պետք է դերասաններին տուն տանեին: Սոսը եկավ նստեց իմ կողքին: Պետք է արդեն շարժվեինք քաղաք: Մալյանը եկավ ասում է. «Սոս չես գալիս մեր մեքենան», ասում. «Չէ, դուք գնացեք Հենրի, ես Սոֆիկի հետ կգամ»: Մալյանն ասում է. «Սոս ջան քեզ ենք սպասում, արի»: Դե հասկանում է էլի: Այդպես է դերասանը: Դու ոչ թե Սոսին ես սիրահարվում, հետո ես հասկանում, սիրահարվում ես Նահապետին: Վաղը դա անցելու է, իհարկե, այդ ջերմությունը: Սոսը իջավ: Պարզվեց, որ դա նկարահանման վերջին օրն է, մեկ էլ ձայնագրության ժամանակ հանդիպեցինք:
Հետո հասկացա, որ այս սառնությունը սարքել էր Մալյանը, որովհետև գիտեր, որ ես շուտ սիրահարվող եմ իմ էությամբ, հատկապես Սոս Սարգսյան, դերասան, պաշտում էի, նկարահանումների հենց հաջորդ օրը երևի պետք է արդեն սիրահարված լինեի: Իսկ դա Մալյանին պետք չէր, նրան պետք էր այդ սառնությունը, անհաղորդ լինեինք միմյանց հետ մինչև այդ գիշերը: Արվեստի մեծ հոգեբան էր, ֆիլմի մթնոլորտն այդպես էր սարքում:
Հենրիկ Մալյանի «Երկխոսություն երրորդի համար» գրքում շատ մանրամասներ կան: «Մենք ենք մեր սարերը» ֆիլմում էլ է այդպես վարվել, երբ որ միլիցիոները՝ Սոս Սարգսյանը, գալիս է Խորեն Աբրահամյանին ասում է. «Ինչո՞ւ չեք բարեհաճում ժամանել, պարոն մինիստր», գրքում գրում է, որ այդ տեսարանը նկարահանելուց մեկ շաբաթ առաջ Սոս Սարգսյանի ականջին անընդհատ վատ բաներ է կաթացրել Աբրահամյանի մասին, ու հակառակը: Իսկ նրանք հավատում էին Մալյանին: Այդ տեսարանում տեսնում եք Սոսի աչքերում ինչ թույն կա, քիչ է մնում սպանի Խորիկին, իսկ Խորիկի հայացքը: Եվ դա սարքել է Մալյանը: Ինչո՞ւ է արել: Որովհետև չէր կարող Սոս Սարգսյանը ձեռք բարձրացներ Խորիկի՝ իր ընկերոջ վրա: Նա այդ ամեն ինչը սարքում էր արվեստի համար: Նա ինձ թշնամացրեց Սոսի հետ, երևի ինչեր պատմեց իմ մասին, արդեն չգիտեմ, որ Սոսը ինձ հետ կոպիտ եղավ մինչև այդ օրը: Իսկ այդ օրվանից հետո ֆիլմն ավարտվեց, արդեն վտանգ չէր, որ կարող էր կադրում ջերմ, տաք լինեմ:
-Այսօր այդ ֆիլմը նայելիս ինչպիսի՞ զգացողություն եք ունենում, տիկին Սոֆիկ:
-Զարմանալի է, մշտապես հպարտանում էի, որ մասնակից եմ եղել, իմ ուսուցչի ֆիլմում եմ խաղացել, նաև այդ մեծերի կողքին: Բայց հիմա՝ ամեն մեկի գնալուց հետո, ինձ համար շատ է ծանրացել այդ ֆիլմը նայելը: Ընկեր Մալյանը, Մհեր Մկրտչյանը, Սերգեյ Իսրայելյանը, Գալյա Նովենցը, Սոս Սարգսյանը: Արդեն Սոսի գնալուց հետո, երբ ցուցադրում են, ինձ համար ոչ թե Եղեռնի թեմա է, այլ այնքան հուշեր ունեմ այդ ֆիլմի հետ կապված, որ չեմ կարողանում ընկալել: Ինձ խանգարում է նրանց չլինելը: Ամեն կադրը ինձ համար մի հիշողություն է: Ոչ մի կերպ չեմ կարողանում ինձ հեռացնել իրենցից, հիշողությունները ծանր են:
-Ձեր լացելու դերասանական շնորհքի հետ կապված լեգենդներ են պտտվում: Ի՞նչ կպատմեք:
-Դա գալիս է տարիների փորձից: Սկսվեց Վիգեն Չալդրանյանի «Լռության սիմֆոնիա» ֆիլմից: Դրանից առաջ Սուրեն Բաբայանի ֆիլմում նկարահանվեցի, սկսեցի արդեն լաց լինել անմիջապես հենց կադրում: Թատրոնում դա ավելի հեշտ է, քան ֆիլմում: Հանկարծ ես տեսա, որ երբ կանգնում եմ տեսախցիկի առաջ, իմ արցունքները թափվում են ու չեմ կարողանում ինձ պահել: «Լռության սիմֆոնիայի» նկարահանումների չորրորդ օրն էր: Գժեր ենք այնտեղ, չէ՞: Վիգենը կանչեց և ասաց. «Սոֆիկ ջան ուզում եմ քեզ խոշոր պլանով նկարեմ»: Ասում եմ. «Գժերի մեջ տեսար ամենամեծ գիժը ես եմ»: Ասում է. «Ոչինչ պետք չի, կանգնի պատի մոտ մի հատ խոշոր պլան անենք»: Կանգնել եմ ու արցունքներս հոսում են: Օպերատորն ասում է. «Վիգեն լաց է լինում»: Ասում է. «դե միացրու կամերան»: Ես էլ ասում եմ.«Վիգեն ջան մի անհանգստացի, ես այսպես մի երեք ժամ լաց կլինեմ»: Միշան Պողոսյան շարունակ տեսնում է, որ հենց ասում են մատոր, ես սկսում եմ լաց լինել: Միշան մի օր ինձ մոտեցավ, ասում է. «Ինչպես է, որ միանգամից լաց ես լինում, համոզված եմ, «Օսկար» տալիս են նրան, ով կադրում լաց է լինում: Սոֆիկ ասա՝ ինչպես ես լաց լինում»: Ասում եմ. «Միշա գիտես, երբ գալիս եմ «Հայֆիլմ», արդեն լացս գալիս է: Հետո որ ներս եմ մտնում, առաջանում եմ, ասում եմ՝ վայ ընկեր Մալյանն այնտեղ կանգած էր, հիշում եմ Մհեր Մկրտչյանին … Գիտես Միշա, էսօր փլավ եմ եփել եկել, չգիտեմ՝ էրեխեքս կերան, թե սոված մնացին: Գիտես Միշա, ասում են Միհրան Քեչօղլյանը էլ չկա»: Ասում է. «Սոֆիկ լավ ես գնացի»:
Նկարահանվեցի ամերիկացիների ֆիլմում, այնտեղ սկսեցի լաց լինել, ամերիկացիները շշմել էին: Ինձ հրավիրեցին Մոսկվա մի կլիպում նկարահանվելու: Երգը կոչվում է «Մայրիկ», կատարում է Արշակ Բեռնեցյանը: Ռեժիսորն ընդամենն ասաց. «Տիկին Սոֆիկ ջան ուզում եմ մի քիչ հուզված լինեք»: Ասում եմ. «Արցունք պետք է»: Ապշեց: Ասում եմ. «Երբ է քեզ պետք, դու ասա, ես սկսեմ»: Ու թափվում են արցունքներս, օպերատորը կարկամել էր, ոչինչ չէր կարողանում խոսել:
-Բայց իրականում ինչպե՞ս է ստացվում Ձեզ մոտ:
-Գիտեք ինչ, ես տխրել եմ: Իհարկե, ուրախ մարդ եմ, բայց ներսից շատ տխրել եմ: Կարծում եմ՝ դա է պատճառը, որ հենց կանգնում եմ կամերայի առաջ, նաև այդ կորուստները, ու սկսում եմ լացել: Կուզենայի, որ կամերայի այն կողմում մշտապես լիներ Հենրիկ Մալյանը, Ֆրունզե Դովլաթյանը, Սերգեյ Իսրայելյանը, Ալբերտ Յավուրյանը: Կորցրել ենք մեր մեծերին, ովքեր ստեղծել են հայկական կինոն: Հիմա իրենք գնացել են, ես տխրել եմ: Գալիս եմ աշխատանքի, փորձում եմ իմ գործն անել, բայց տխրություն կա իմ ներսում: Գիտեմ, որ պատճառը դա է:
-Այսօր աշխատում եք երիտասարդ սերնդի հետ, դասավանդում եք Թատրոնի և կինոյի ինստիտուտում, ի՞նչ ակնկալիքներ ունենք նոր սերնդից:
-14 տարի է Թատերական ինստիտուտում եմ: Մշտապես յուրաքանչյուր կուրսում լինում են չորս-հինգ հոգի, որոնց վրա կարող ենք հենվել, ովքեր գրադարանից դուրս չեն գալիս: Այդ երեխաների համար է, որ գալիս եմ ինստիտուտ:
-Տիկին Սոֆիկ, կա՞ այնպիսի դեր, որ ցանկացել եք խաղալ, բայց հնարավորություն չեք ունեցել կամ չի ստեղծվել այդ կերպարը:
-Ուսանողական տարիներին խնդրում էի իմ ընկերներին բեմադրել «Համլետ», որ ես խաղամ Համլետ: Անցան այդ տարիները: Կան, իհարկե, կուզենայի ֆիլմեր լիներ մեր դասական գրականությունից, որովհետև իսկապես ֆիլմի նյութ են: Հրանտ Մաթևոսյանի լեզուն, գրականությունը կինոյից, բեմերից չպետք է պակասի: Անպայման, եթե մենք հայ ենք, նրա, Աղասի Այվազյանի գրականությունը պետք է մեզ ուղեկցի: Կուզենայի այդ գրականության մեջ լինել, փոքր, մեծ դեր կլինի, նշանակություն չունի: Ինձ ծավալն ամենևին չի հետաքրքրում:
Հարցազրույցը՝ նաև տեսանյութով:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան