«Ժողովուրդն էկավ, քվեարկեց կողմ, ի՞նչ անեմ ես». Տաթևի գյուղապետը` հանրաքվեի արդյունքների մասին
«Ժողովուրդն էկավ, քվեարկեց կողմ, ի՞նչ անեմ ես», -Panorama.am-ի թղակցի հետ զրույցում մեկնաբանելով մայիսի 17-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքները, ասաց Տաթևի գյուղապետ Մուրադ Սիմոնյանը:
Նշենք, որ «Համաձայ՞ն եք, որպեսզի Շինուհայրի, Տաթևի, Հալիձորի, Հարժիսի, Սվարանցի, Խոտի, Տանձատափի, Քաշունիի համայնքները միավորվեն՝ Տաթևի համայնք անվանմամբ, Շինուհայր համայնքի կենտրոնով, Շինուհայր, Տաթև, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ, Տանձատափ, Քաշունի բնակավայրերով» հարցին, Սյունիքի մարզում տեղական հանրաքվեի արդյունքներով «այո» պատասխանել է քվեարկության մասնակիցների մեծ մասը: Մասնավորապես, Տաթև գյուղում 389 մարդ «այո» է ասել, իսկ 21-ը` «ոչ»:
Նկատենք, որ Տաթևի գյուղապետ Մուրադ Սիմոնյանը ավելի վաղ Panorama.am-ի հետ զրույցում դեմ էր արտահայտվել համայնքների խոշորացմանը և հույս հայտնել, որ բնակիչները «ոչ» կասեն:
«Հանրաքվեի ժամանակ մարդիկ իրենց կարծիքը կհայտնեն, բայց ինձ թվում է, որ բոլորն էլ դեմ կլինեն: Խոշորացումը էս կարգի չեն անում: 8 գյուղ, իրարից շատ հեռու, միացնում են, ինչը ճիշտ չէ: Իրականում սա շատ մեծ խոշորացում ա: Եթե ուզում են խոշորացնեն, կարող էին մեր կողքի 3-4 փոքր գյուղերը գոնե միավորեին: Հիմա 8 գյուղ մավորում են, անունը դնում են Տաթև համայքն ու կենտրոնն էլ ուզում են, որ Շինուհայրը լինի: Բայց մեր կարծիքը փոքր ա, հանրաքվե կանեն, եթե գյուղի բնակիչները կողմ եղան` կմիավորեն: Չնայած մարդկանց հետ խոսում ենք, տեսնում ենք, որ իրանք էլ են դեմ: Բայց ղեկավարությունն էլ ասում ա, որ Համաշխարհային բանկը համայնքների խոշորացման համար միջոցներ ա հատկացնում ու գյուղերում առկա խնդիրներին լուծում կտան: Ինչ ասեմ, իմ կարծիքը փոքր ա, որ իրանք որոշել են …»,-մեզ հետ զրույցում ասել էր Մուրադ Սիմոնյանը:
Գյուղապետն ասաց, որ դիտորդներ են եղել, «հանրաքվեն կայացավ, ժողովուրդն էկավ, ընտրեց»:
«Արդյունքներ չեն կեղծվել, ասաց Սիմոնյանը ու հավելեց,-եթե ժողովուրդը ցանկանում է, որ միավորումը կայանա, ես մենակ ո՞վ եմ, որ դեմ ըլնեմ»:
Նրա խոսքով, գործազուրկ դառնալու հեռանկարն իրեն չի մտահոգում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին