Որոշվել է էլեկտրաէներգիայի թանկացման հարցով խորհրդարանական լսումներ անցկացնել
Ազգային ժողովի ոչ իշխանական 4 խմբակցությունները այսօր «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում աշխատանքային խորհրդակցություն են անցկացրել` էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման խնդրի վերաբերյալ: Խորհրդակցության ժամանակ որոշվել է այսօր նիստում առաջարկել խորհրդարանին խորհրդարանական լսումներ անցկացնել` պատկան մարմինների ներկայացուցիչների հետ քննարկելու հարցը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության այս առաջարկությունը ընդունելի է համարել Հ. Յ. Դաշնակցություն խմբակցությունը:
Հիշեցնենք, որ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել էր, որ իրենց խմբակցությունը նախաձեռնում է ստորագրահավաք` էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նպատակով: ՀԱԿ-ի այս նախաձեռնությանը միացել են ԱԺ «Օրինաց երկիր», «Ժառանգություն» խմբակցությունները:
Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ խորհրդարանական լսումներ անցկացնելն ավելի նպատակահարմար է ու օպերատիվ կարձագանքի իրավիճակին, ինչից հետո կքննարկեն ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը: Պատգամավորի խոսքով, լսումներին կհրավիրեն հարցով զբաղվող պատկան կառույցների պաշտոնյաներին` շահագրգիռ քննարկում կազմակերպելու համար:
«Միգուցե իրենք ունե՞ն հիմնավորումներ, ես ուզում եմ հասկանալ, երբ ՀԷՑ-ի տնօրենն ասում է, որ 3,5 միլիոն դոլարի բարեգործություն են արել, ուզում եմ հասկանալ, կորուստների հաշվի՞ն են արել, թե՞ իրենց շահույթների հաշվին են արել: Եվ հիմա ուզում են այդ բարեգործությունը քաղաքացիներից հանել», -հավելեց Զոհրաբյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները