Ռուսաստանը և Հայաստանը կստեղծեն հումանիտար արձագանքման համատեղ փրկարարական կենտրոն
Ռուսաստանը և Հայաստանը կստեղծեն հումանիտար արձագանքման համատեղ փրկարարական կենտրոն: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը` հղում անելով ՌԴ արտակարգ ծառայություններում իր աղբյուրին:
Վերջինիս խոսքերով` միջկառավարական կենտրոնի ստեղծման մասին համաձայնագրի ստորագրումը տեղի կունենա Մոսկվայում բացված «Համալիր անվտանգություն-2015» միջազգային սրահի շրջանակներում:
«Համաձայնագիրը կստորագրվի ՌԴ կառավարության և Հայաստանի Հանրապետության միջև մարդասիրական արձագանքման ռուս-հայկական կենտրոնի ստեղծման մասին, որը տեղակայվելու է Հայաստանի Գետարգել ավանում: Կենտրոնը թույլ կտա օպերատիվ և արդյունավետ կերպով արձագանքել արտակարգ իրավիճակներին երկու պետությունների սահմանամերձ տարածքներում, ինչպես նաև երրորդ երկրներում»,- ասել է նա:
Աղբյուրը նաև նշել է, որ կենտրոնում կպատրաստվեն և որակավորում կստանան արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման ոլորտի մասնագետներ, ինչպես նաև հումանիտար ականազերծման մասնագետներ: