Հայկական գորգերը՝ վիրտուալ տարածությունում (լուսանկարներ)
«Գորգերը զարդագիր տեքստեր են, նրանց մեջ ի պահ են տրված մեր նախնիների հնագույն պատկերացումները, հավատալիքները, պաշտամունքը կրոնը»:
2013 թվականի Հայաստանի կառավարության գերակա խնդիրներից էր հայկական գորգարվեստի հանրահռչակումը. «Հայկական գորգագործական մշակույթը համաշխարհային գորգարվեստի ակունքն է, և զգալի է նրա դերը՝ ինչպես բնագավառի զարգացման, այնպես էլ՝ համաշխարհային գեղանկարչության, զարդարվեստի, կիրառական-դեկորատիվ արվեստի և մշակույթի այլ դրսևորումների արտահայտման գործում: Այսքանով հանդերձ՝ Հայաստանը հավուր պատշաճի ներկայացված չէ համաշխարհային գորգարվեստում: Չկան անհրաժեշտ ենթակառուցվածքներ (առանձին թանգարան), ուսումնասիրությունները կրում են տեղական բնույթ և ներկայացված չեն միջազգային գիտական շրջանակներում: Տեղեկույթի և արժևորման պակասը բացասաբար է անդրադառնում նաև երիտասարդ հետազոտողների, ինչպես նաև գորգագործությամբ զբաղվողների թվի աճի վրա: Նշված հանգամանքները նպաստավոր պայմաններ են ստեղծում հարևան պետությունների համար, որոնք, օգտվելով առիթից, միջազգային ասպարեզում նկրտումներ են դրսևորում գորգի մշակույթն ընդհանրապես իրենց վերագրելու և դրանով բացառում հայկական գործոնը»:
2013-ից մեկնարկեց Գորգի վիրտուալ թանգարան ծրագիրը, որը հնարավորություն է տալիս վիրտուալ տարածության մեջ հավաքել և ցուցադրել Հայաստանի, աշխարհի տարբեր թանգարաններում գտնվող հայկական գորգերը:
«Գորգագործության մասին առաջին անգամ հիշատակվում է մ. թ. ա. 5-րդ դարի հույն պատմիչ Քսենոփոնի «Անաբազիսում»: Առաջավոր Ասիայից Թրակիա վերադառնալու ճանապարհին Քսենոփոնը, հրավիրված լինելով Սոթեսի մոտ հացկերույթի, պատմում է հետևյալը. «Տիմազիոն Դարդանացին, որ բաժակներ և բարբարոսական գորգեր ուներ, խմելով Սոթեսի կենացը նրան նվիրեց արծաթե մի բաժակ և մի գորգ…»:
Այն իրողությունը, որ հունական 10000-անոց զորքը նահանջել է պատմական Հայաստանի տարածքով և այն, որ պատմիչը նշում է բարբարոսական գորգեր և ոչ հունական «տապիսներ», որոշ հիմքեր են տալիս ենթադրելու, որ Սոթեսին նվիրված գորգերը պետք է լինեին հայկական:
Հայկական գորգերի կարմիր գույնը ստացվել է «որդան կարմիր» ներկանյութով, որպես ապացույց հենց հանդիսանում է Էրմիտաժում ցուցադրվող ամենահին «Պազիրիկ» գորգը, մ.թ.ա. 5-4-րդ դար, որի «որդան կարմիր» ներկով ներկված լինելը արդեն ապացուցված է գիտնականների, մասնավորապես Ի. Ռուդենկոյի կողմից: Արաբ պատմիչները նշում են, որ ժամանակին եվրոպական շուկաներում ամենաարժեքավոր գորգերը հայկական գորգերն էին, որովհետև դրանք պատրաստված էին բարձրորակ բրդով և ներկված դիմացկուն «որդան կարմիր» ներկանյութով, վերջինիս պատճառով հայկական գորգերը հայտնի էին արաբական աշխարհում «կրմզ» (կարմիր) անունով:
Հայկական բարձրորակ գորգերը պայմանավորված են եղել նաև հայկական լեռնաշխարհում եղած « բալբաս» տեսակի ոչխարի բրդով, որն ուներ հատուկ որակ և փայլ, այս մասին կան փաստեր և պատմական աղբյուրներ: Արևմտյան Հայաստանում լայն տարածում ուներ նաև անգորական այծի բուրդը: Պատմական Հայաստանի բոլոր այն շրջաններում, որտեղ կար ու զարգացած էր բամբակի և մետաքսաթելի մշակումը, զուգահեռաբեր այդ շրջանների գորգագործության մեջ կիրառվում էր նաև բամբակը և մետաքսաթել: Մասնավորապես, Արցախի հարավային շրջաններում, Մեղրիում և Նախիջևանում՝ բամբակ, մետաքս, Խարբերդում՝ մետաքս, Վասպուրականի արևելյան շրջաններում և Արարատյան դաշտավայրում ՝ բամբակ:
Հայկական գորգերում օգտագործված նախշերն ու հորինվածքները հայտնի և տարածված են եղել դեռ վաղ քրրիստոնեական մշակույթում և լավագույնս արտահայտված են հայկական մանրանկարչությունում, ինչպես նաև հայկական կիրառական արվեստի այլ ոլորտներում՝ ճարտարապետություն, քանդակագործություն, ասեղնագործություն և ժանյակ, խաչքարեր, քարի և փայտի գեղարվեստական մշակում, մետաղագործություն՝ ոսկերչություն և արծաթագործություն, տարազ և այլն»,- նշված է Գորգերի վիրտուալ թանգարան կայքի «Պատմություն» բաժնում:
Նախորդող հրապարակում՝
ՀՀ մշակույթի նախարարության «պահպանելու» գործառույթը՝ Ա. Սամուելյանի մեկնաբանմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա