Beeline-ը գերազանցել է Հայաստանում սմարթֆոնների վաճառքի սեփական ռեկորդը
Beeline-ը Հայաստանում սմարթֆոնների վաճառքի նոր ռեկորդ է սահմանել: Ապրիլի սկզբին մեկնարկել է Beeline Smart սմարթֆոնների վաճառքի երկրորդ փուլը: Միայն Հյուսիսային պողոտայում գտնվող վաճառքի և սպասարկման գրասենյակում վաճառքների մեկնարկի առաջին րոպեներին իրացվել է հարյուր Beeline Smart սմարթֆոն: Ընդհանուր առմամբ մեկ ամսվա ընթացքում Beeline-ը վաճառել է մոտ 4000 բրենդային սմարթֆոն: Այս մասին հայտնում է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի բաժինը:
«Նախորդ տարվա դեկտեմբերին Beeline Smart-ը 3712 վաճառված հեռախոսով և մոտակա մրցակցից երկու անգամ մեծ առավելությամբ Հայաստանում ամենաշատը վաճառված սմարթոֆոնների թվով զբաղեցրեց առաջին հորիզոնականը: Ընդամենը չորս ամիս անց մենք սահմանեցինք նոր ռեկորդ, ինչը միանշանակ խոսում է հեռախոսների վաճառքի շուկայում մեր ճիշտ դիրքավորման մասին և ցույց տալիս, որ Beeline-ի սպասարկումը, սարքավորումները, պարզ և հարմար ծառայությունները գոհացնում են հաճախորդներին», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Մատչելի պայմաններով սմարթֆոնների և պլանշետների առաջարկն ընկերության ռազմավարության մի մասն է` ուղղված տվյալների փոխանցումից ստացված եկամտի աճին: Մենք շնորհակալ ենք Հայաստանի մեր բաժանորդներին բարձր գնահատականի և Beeline-ն ընտրելու համար: Ավելին, մենք կշարունակենք ընդլայնել սմարթֆոնների և պլանշետների տեսականին՝ առաջարկելով գնի և որակի լավագույն համադրությունը շուկայում», - նշել է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի բջջային սարքավորումների ուղղության ղեկավար Անդրեյ Չուկաևը:
Beeline Smart սմարթֆոնը վաճառվում էր «Սմարթֆոն + 2 ամիս ինտերնետ առանց հետագա պարտավորությունների» հատուկ առաջարկի շրջանակում: Առաջարկը բաժանորդներին հնարավորություն էր տալիս ձեռք բերել սմարթֆոն և ստանալ մինչև 512 Կբ/վ արագությամբ անսահմանափակ Beeline Premium ինտերնետ 2 ամիս ժամկետով ընդամենը 33 900 դրամով։