Արամ Ա-ի հարցազրույցը New York Times-ին. Սիսի կաթողիկոսարանի պահանջը առաջին իրավական քայլն է
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը հարցազրույց է տվել New York Times պարբերականին, որտեղ խոսել է Թուրքիայի սահմանադրական դատարանում Սիսի կաթողիկոսարանի վերադարձի հարցով բացված դատից:
Նրա խոսքով, դա թուրքերից հայկական ունեցվածքը պահանջելու առաջին իրավական քայլն է:
«Եթե Թուրքիայի իրավապահ մարմինները մերժեն հայցը, դա ավելի կխորացնի Թուրքիայի և 10 միլիոնանոց հայկական սփյուռքի բաժանումը»,-ասել է Արամ Առաջինը` նշելով, որ նախքան հայց ներկայացնելը խորհրդակցել է 30 իրավաբանների հետ, այդ թվում և թուրք:
«Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում եկեղեցու ջանքերը կարևոր էին, սակայն 100 տարի անց ժամանակն է շեշտը դնել հատուցման վրա: Դա եկեղեցու նստավայրն է: Դա իրավական առաջին քայլն է, որին հետևելու է եկեղեցիները, վանքերը, եկեղեցու և մարդկանց ունեցվածները վերադարձնելու մեր պահանջը: Մենք առաջ ենք շարժվելու քայլ առ քայլ»,-ավելացրել է Վեհափառ Հայրապետը:
Հոդվածի հեղինակ Ռիք Գլեդսթոունը նշում է, որ մինչ այժմ Թուրքիայի սահմանադրական դատարանը չի արձագանքել հայցին, իսկ Հայկական եկեղեցու առաջնորդի կարծիքով, թուրք դատավորները հնարավոր է անտեսում են դա, թեև Քոզանի (նախկին Սիս) քաղաքապետ Մուսա Օզթուրքը օրերս ազդանշան է տվել, որ եկեղեցին ծանր պայքար է մղելու, քանի որ սեփականության ոչ մի ապացույց չունի:
Արամ Ա-ն ընդունել է, որ եկեղեցին փաստաթղթեր չունի, սակայն ապացույցների հարցն աբսուրդ է որակել` հաշվ առնելով սեփականության իրական բնույթը:
«Սեփականատերն ակնհայտ է: Դա հայերն են: Ոչ ոք չի կարող հարցականի տակ դնել սեփականությունը կամ ինքնությունը կամ էլ այդ ունեցվածքների պատմությունը»,-ընդգծել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը` նշելով, որ երբեք հնարավորություն չի ունեցել այցելել եկեղեցու հին նստավայրը և վախենում է, որ տեղական իշխանությունները ջանք չեն խնայել ջնջելու դրա հայկական ինքնությունը:
Եկեղեցու շահերը ներկայացնող փաստաբան, ՄաքԳիլի համալսարանի պրոֆեսոր և ցեղասպանագետ Փայամ Ախավանին իր հերթին նշել է, որ եթե Թուրքիայի դատարանը մերժի հայցը, նա մտադիր է գործը տանել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին