«Բա աղջիկ չունենա՞մ». վերջերս եռյակ ունեցած 4 տղաների հոր երազանքներն ու մտորումները
Մանվել Մանուկյանի՝ ամուսնական մոտ 3-ամյա կյանքը խիստ «արդյունավետ» է եղել: 28-ամյա երիտասարդն ու նրա կինը՝ 26-ամյա Անուշն արդեն բազմազավակ ծնողներ են. մի քանի օր առաջ զույգը եռյակ է ունեցել:
Նրանց ավագ որդին՝ Դավիթը 1.5 տարեկան է: Դավիթի երեք եղբայրները, որոնց անվանակոչել են Սարգիս, Մհեր, Աշոտ, վեց օրական են: Նորածին տղաներից երկուսը կկրեն պապիկների անունները, Մհերն էլ՝ լավ ու հայկական անուն է:
Դավիթը եղբայրներին դեռ չի տեսել: Տեսել է օրորոցները՝ երեք հատ իրար կողք շարած: 1.2 կգ, 1.3 կգ ու 1.5 կգ քաշով ծնված տղաները դեռ բժիշկների հսկողություն տակ են: Երեխաների մայրը ծննդաբերել է կեսարյան հատումով, իրեն լավ է զգում, արդեն դուրս է գրվել:
Panorama.am-ի հետ զրույցում Մանվել Մանուկյանն ասաց, որ պարտավորեցնող «բազմազավակ հայր» կոչումն իրեն չի վախեցնում, չորս երեխայով էլ չեն բավարարվելու. «Բա աղջիկ չունենա՞մ»:
Երիտասարդ ընտանիքն ապրում է վարձով: 1.5 տարեկան Դավիթը մանկապարտեզ ընդունվելու համար հերթագրված բազմաթիվ երեխաներից մեկն է: Ասել են, դեռ շատ փոքր է, մի քանի ամսից կընդունեն:
«Հղիության երևի 3-րդ ամսում իմացանք, որ եռյակ է: Կինս համ ուրախացել էր, համ լացում էր, հակասական զգացումներ էին: Անմիջապես որոշեցինք՝ ունենալու ենք: Մեր հարազատներից ոչ մեկ եռյակ չի ունեցել, առաջինն ենք»,-ասաց նա:
Երիտասարդ հայրը մի փոքր հաշվարկ է կատարել՝ չորս երեխային միայն տակդիրների համար ամսական 30 հազար դրամ է հարկավոր. «Իհարկե դժվար կլինի, բայց մի քանի տեղ աշխատելով կհասցնեմ: Մնացածը չեմ հաշվել»:
Մանվելը եղբայր չունի, ուրախ է, որ իր տղաներից յուրաքանչյուրը մի քանի եղբայր է ունենալու: Նրանց համար տուն սարքելուց չի վախենում. «Կմեծանան, իրար կօգնենք, կսարքենք, ի՞նչ է եղել»:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցապ պետական ծառայության պետի մամուլի քարտուղար Արամայիս Շահբեկյանը Panorama.am-ին ասաց, որ այս պարագայում ընտանիքին տրամադրվելու է 3 մլն դրամ միանվագ գումար՝ 1.5 մլն դրամը կանխիկ, 1.5 մլն դրամը՝ անկանխիկ:
Մանվել Մանուկյանը մտադիր է ստացած գումարն օգտագործել տուն ձեռք բերելու համար. «Եթե կարողացա հիպոթեք կձևակերպեմ, տուն կվերցնեմ, եթե չէ, գումարին ձեռք չեմ տա, մինչև կարողանամ»:
Ի դեպ, բազմապտուղ հղիությունը սովորաբար արհեստական բեղմնավորման արդյունք է լինում, իսկ այս պարագայում՝ ամեն ինչ բնական ճանապարհով է եղել:
Նկատենք, որ Սոցապծառայության դիմած ամենաերիտասարդ բազմազավակ հայրը՝ երեք և ավելի երեխա ունեցող 23 տարեկան է:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները