Հայաստանը ազատ խոսքի և ազատ մամուլի երկիր է, որտեղ մարդիկ կարող են ազատ արտահայտվել. ԱԺ նախագահ
Հայաստանը Եվրոպական միության քաղաքականության անբաժանելի մաս է կազմում ինչպես իր անցյալով, այնպես էլ ներկայով: Այսօր այդ մասին այսօր Երևանում կայացած ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
«Մեր համատեղ ջանքերի արդյունքը տեսանելի է և զգալի առաջընթաց է արձանագրվել Հայաստանի սոցիալական զարգացման, պետական կառույցների ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի, դատական համակարգի բարելավման ոլորտում: Հայաստանը ազատ խոսքի և ազատ մամուլի երկիր է, որտեղ մարդիկ կարող են ազատ արտահայտվել»,-նշեց Սահակյանը` ընդգծելով նաև, որ մեր երկրում քաղաքացիական հասարակությունը կայացած է:
Իր ելույթում ԱԺ նախագահն ասաց, որ Եվրոպական խորհուրդը լուրջ անելիքներ ունի անհանդուրժողականություն երևույթի դեմն առնելու համար:
«Անհանդուրժողականությունը ծնում է ռասիզմ, բռնություն, որոնք ի վերջո վերածվում են հակամարտությունների: Հայ ժողովուրդն իր վրա է զգացել, թե ինչ կարող է բերել այլատյացությունը, հենց դրա հետևանքով հայ ժողովուրդը իր վրա զգաց քսաներորդ դարի առաջին Ցեղասպանությունը: Ցավոք, 21-րդ դարում այդ երևույթը օրակարգային է»,-ասաց Սահակյանը:
Այս համատեքստում ԱԺ նախագահը մատնանշեց Ադրբեջանի որդեգրած քաղաքականութունը և ասաց, որ այն լուրջ մտահոգություններ է առաջացնում:
«Մենք բոլորս պետք է մեր ուժերը համախմբենք հանուն ապագայի: Ամբողջ աշխարհը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի անհանդուրժողականության մթնոլորտը վերացնելու համար»,-ավելացրեց ԱԺ նախագահը: