Անընդունելի է ՀԷՑ-ի պարտքը փակել բնակչության հաշվին. Ստեփան Դեմիրճյան
«Ինչպես գիտեք, Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ն դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու հայտով: Ակնհայտ է, որ Էլեկտրաէներգիայի թանկացումը ծանր սոցիալ-տնտեսական հետևանքներ է ունենալու՝ շղթայական ռեակցիա առաջացնելով, բերելու է առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացմանը, տեղական արտադրողների արտադրանքի ինքնարժեքի բարձրացմանը»,- Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Ստեփան Դեմիրճյանը:
Նրա պնդմամբ, էլեկտրաէներգիայի թանկացումը պայմանավորված է ոչ թե օբյեկտիվ հանգամանքներով, այլ արվում է՝ ՀԷՑ-ի կողմից կուտակված շուրջ 250 միլիոն դոլարի պարտքը փակելու նպատակով: Իսկ պարտքը, Դեմիրճյանի կարծիքով, կուտակվել է վատ կառավարման հետևանքով:
«Այս ամենը տեղի է ունեցել կառավարության աչքի առաջ: Համակարգն առողջացնելու, մեղավորներին պատժելու, ընկերության կառավարումն ավելի արդյունավետ դարձնելու փոխարեն, ընկերության պարտքը հիմա ուզում են փակել բնակչության հաշվին, ինչն անընդունելի է: Դա բնակչության մեծամասնությանը դնելու է պարզապես անելանելի վիճակի մեջ:
Այս վիճակը պայմանավորված է նաև տարիներ շարունակ իրականացվող սխալ տնտեսական քաղաքականությամբ, ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտները վաճառելու մոլուցքով: Ինչու՞ պետք է բաշխիչ ցանցերը 2002-ին վաճառվեին ինչ-որ օֆշորային ընկերության, որն, իր հերթին, հետագայում բաշխիչ ցանցերը շատ ավելի թանկ գնով վաճառեց ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ին», -հայտարարեց պատգամավորը: