«Չգիտես՝ ով ում գլխին է խաղալու». Ծարավ Աղբյուրի բնակիչները ստորագրահավաք են իրականացրել
Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցում շենքային համալիրների՝ Ավան 1, 2, 3, 4, կառուցման ժամանակ բնակիչներին խոստացել էին թաղամասերի միջանկյալ հատվածում պուրակ կառուցել: Սակայն «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորման» կողմից իրականացվող սոցիալական բնակարանաշինության ծրագրով կառուցված շենքերի բնակիչներին խոստացված պուրակի փոխարեն կառուցվելու է ուսումնամարզական համալիր և նոր բազմաբնակարան բնակելի շենք։ Որոշումն ընդունել է Երևանի ավագանին ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում:
«Ավագանու արտահերթ նիստի ժամանակ որոշում էր ընդունվել այդ տարածքի մի մասն օտարել «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը, մյուս մասը՝ «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությանը: Նախ հարց է առաջանում, թե ինչն՞ էր այդքան հրատապ, որ չէին կարող երեք օր սպասել ու հերթական նիստի ժամանակ ընդունեին որոշում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ծարավ Աղբյուր փողոցի բնակիչ Գայանե Վարդանյանը:
Ըստ նրա, «Գազպրոմ Արմենիա» -ին տարածք տալը «հասկանում են»՝ «նման բյուջեից որևէ մեկը չի կարող հրաժարվել, ինչքան էլ բնակիչնեը պահանջեն», բայց խնդրում են գոնե վերանայել բազմաբնակարան շենք կառուցելու որոշումը:
«Եթե դրա կարիքը կա, կարող են այլ տեղում կառուցել: Այս թաղամասը շատ խիտ է բնակեցված: Երեխաները խաղալու, զբոսնելու որևէ տեղ չունեն: Միայն քար է, քարերի մեջ են խաղում: Նոր շենք կառուցելը ենթադրում է նոր մեքենաներ, էլի ժողովուրդ, էլի երեխաներ, չգիտես՝ ով ում գլխին է խաղալու: Էկոլոգիայի, առողջ միջավայրի, երեխաների առողջ զարգացման համար ընդհանրապես անթույլատրելի է»,- նշեց Ծարավ Աղբյուր փողոցի բնակիչը:
Գ. Վարդանյանը նաև ասաց, որ խոստացված պուրակի կառուցման աշխատանքները հետաձգվում էին, իսկ իրենց հարցերին՝ հետաձգման պատճառների մասին, քաղաքապետարանից հայտնում էին, որ այդ հատվածում դպրոց ու մանկապարտեզ է կառուցվելու և չեն սկսում պուրակի կառուցման աշխատանքները, որպեսզի չփչացնեն:
«Հիմա էլ պնդում են, որ պուրակ լինելու է, բայց թե որ հատվածում, չեմ կարողանում պատկերացնել, քանի որ ուսումնամարզական կենտրոնն ու բազմաբնակարեն շենքն արդեն կզբաղեցնեն ազատ տարածքը: Դա ընդամենն ուշադրությունը շեղելու, սուտ խոստումներով մարդկանց գլխի տակ փափուկ բարձ գնելու գործըթնաց է»,- նշեց բնակչուհին:
Նա նաև մտահոգություն հայտնեց, որ բնակիչներին հասած տեղեկությունների համաձայն, ուսումնական հաստատությունները, որ գործելու են ուսումնամարզական համալիրի տարածքում, ռուսերեն են լինելու. «Ո՞րն է առաքելությունը՝ ամբողջությամբ հայաբնակ թաղամասում կառուցել ռուսական կենտրոններ»:
Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցի 200-ից ավելի բնակիչներ իրականացրել են ստորագրահավաք, որով դիմում են ՀՀ նախագահ, «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորման» հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի աջակցությանը՝ վերանայելու Երևանի ավագանու ընդունված այդ որոշումները:
Բնակիչները, Գ. Վարդանյանի փոխանցմամբ, հույս ունեն, որ իրենց նախաձեռնությունն արդյունք կտա. «Ցանկանում ենք որոշում կայացողներին հասցնենք, որ այդ որոշումը կարճատես է, միայն ֆինանսական եկամուտները չեն, պետք է նայել, թե նախաձեռնած ծրագրերը ուր են հասնում»:
Ավագանու «Բարև Երևան» խմբացության քարտուղար Դավիթ Սանասարյանն ասաց, որ «Գազպրոմ Արմենիա»-ին տարածք տալու որոշմանն իրենք դեմ են եղել, որովհետև նախ անհրաժեշտ է աճուրդի միջոցով վաճառել տարածքը, բացի այդ. «Հատկապես վերջին շրջանում ռուսաֆիկացման գործընթաց է գնում, ամեն նիստին ինչ-որ ռուսական կազմակերպությանը հողատարածք է տրվում»:
Բազմաբնակարան շենք կառուցելու որոշմանը խմբակցությունը կողմ է քվեարկել՝ դիտարկելով որպես սոցիալական ծրագիր, սակայն հետո, ըստ նրա, խոսելով բնակիչների հետ, լուրջ դժգոհություններ են լսել:
«Տարբեր խոսակցությունի համաձայն, ԵՊՀ շրջանավարտների միավորման կազմակերպությունը բավականին խնդրահարույց է, ուղղակի մարդիկ շահույթ են ստանում: Բնակիչների հետ համաձայն եմ, որոշումը պետք է վերանայվի, քննարկվի, հանրային լսումներ լինեն ու նոր որոշում կայացվի»,- ասաց Դ. Սանասարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները