«Ազգային երգ ու պար» առարկայի նպատակը ազգային արժեհամակարգի ձևավորումն է. Ա. Աշոտյան
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Երևանի թիվ 200 հիմնական դպրոցում ներկա է գտնվել «Ազգային երգ ու պար» առարկայի փորձնական ծրագրին մասնակից դպրոցների հաշվետու համերգին: Այս մասին հայտնում է ԿԳՆ լրատվական ծառայությունը:
Ողջունելով մասնակիցներին՝ նախարարը նշել է, որ «Ազգային երգ ու պար» առարկայի փորձարկումը հանրակրթական դպրոցներում ոչ այնքան կրթական ծրագիր է, որքան ազգային ինքնության պահպանման հերթական քայլ:
«Տեխնիկական և տեխնոլոգիական ներկա դարաշրջանում կա մեծ վտանգ, որ կրթությունը կարող է կորցնել ազգային ոգին: Այսօրվա աշակերտի համար բոլոր առարկաները՝ մաթեմատիկա, ինֆորմատիկա, ֆիզիկա, շատ կարևոր են, հատկապես բնագիտական և տեխնիկական առարկաները՝ տեղակատվական տեխնոլոգիաների մասնագիտություններ ձեռք բերելու համար: Բայց չմոռանանք, որ գիտելիք հաղորդելը դպրոցի հիմնական առաքելություններից մեկն է միայն, մյուս առաքելությունը ազգային ինքնության արժեհամակարգի ձևավորումն ու փոխանցումն է սերունդներին: Մենք ունենք պետական կրթական չափորոշիչով ամրագրված բազում առարկաներ, որոնք նպաստում են հայ մարդու դաստիարակությանը: «Ազգային երգ ու պար» առարկան գալիս է լրացնելու այն առարկաների ծաղկեփունջը, որ մենք ներդրել ենք, որպեսզի մեր երեխաները ոչ միայն կարողություն և հմտություն ունենան, այլ նաև իրենց մեջ կրեն ազգային ինքնության վրա խարսխված արժեքներ»,-ասել է ԿԳ նախարարը՝ հավելելով, որ ծրագրի նպատակը արհեստավարժ պարողներ և երգիչներ պատրաստելը չէ՝ այլ ազգային ինքնագիտակցությամբ քաղաքացի դաստիարակելը:
Գնահատելով մեկ տարի առաջ փորձնական տարբերակով ներդրված ծրագրի արդյունքները՝ նախարար Ա. Աշոտյանը նշել է, որ առարկայի ներդրման մեթոդական փնտրտուքը սպառված չէ և ավելի լավ արդյունքների համար աշխատանքները մշտապես շարունակվելու են:
Միջոցոռմանը ներկա են գտնվել նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը, «Կարին» ազգագրական համույթի նախագահ Գագիկ Գինոսյանը:
«Ազգային երգ ու պար» առարկան ներդրվել է ընթացիկ ուսումնական տարվա սկզբին, հանրապետության 13 դպրոցներում: Առարկայի ուսուցումը նախատեսված է միջին դպրոցում՝ սկսվում է հինգերորդ դասարանից և կավարտվի յոթերորդ դասարանում:
Միջոցառումից հետո ՀՀ ԿԳ նախարարը պատասխանել է նաև ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին, որոնք վերաբերել են ծրագրի ընդլայնման հնարավորություններին, ներդրման նպատակահարմարությանը և մի շարք այլ խնդիրների:
Ա. Աշոտյանը տեղեկացրել է, որ գալիք սեպտեմբերից ծրագրում ընդգրկված դպրոցների թիվը կավելանա. «Ծրագրի փորձարկումը և բովանդակային բոլոր առաջարկությունները քննարկվում են միջգերատեսչական աշխատանքային խմբում, որոնք հաշվի կառնվեն դասավանդման ծրագրի լրամշակման ընթացքում»:
Անդրադառնալով դպրոցներում պարուսույց մանկավարժների և համապատասխան դասաժամերի առկայության խնդրին՝ ԿԳ նախարարը նշել է, որ «Ազգային երգ ու պար» առարկան ուսուցանվում է շաբաթական երկու դասաժամով / հատկացվել է ֆիզկուլտուրայի մի դասաժամը, իսկ երկրորդ դասաժամը հատկացվել է դպրոցական բաղադրիչի հաշվին/, իսկ կադրերի հարցը նախնական փուլում լուծվում է վերապատրաստումների միջոցով, սակայն հետագայում խնդիրը լուծում կստանա՝ բուհերում համապատասխան ծրագրի ներդրմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան