Որևէ նախարար իրավունք չունի չհարգել օրենքը. վարչապետ
Այսօր կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց կառավարությանը` նշելով, որ պետական կառավարման մարմինների նկատմամբ հանրության վստահության վերականգնումը կախված է կառավարության գործառույթների լիարժեք իրականացումից:
«Սակայն, այն ինչ տեսնում ենք խորհրդարանում, զարմանք է հարուցում, քանի որ նախարարներից շատերը չեն գալիս հանձնաժողովների նիստերին: Խոսքը մասնագիտական քննարկումներին չի վերաբերում, այլ այն, որ այդ նիստերին պետք է կայացվեն քաղաքական որոշումներ, բայց նախարարները բացակայում են և ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ հանձնաժողովները կսիատ գործով են զբաղվում»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ օրինակ՝ ստեղծվել է «Նաիրիտ»-ի հարցերով ենթահանձնաժողով, բայց զրոյական քննարկումներ են տեղի ունենում կառավարության ու խորհրդարանի միջև:
«Օրենքով պարտադրվում է, որ յուրաքանչյուր օրենքի նախագիծ ԱԺ բերելուց առաջ պետք է ունենա ազդեցության գնահատական, և երբ ուշադրություն ենք դարձնում, տեսնում ենք, որ այդ ազդեցության գնահատականները կամ ձևական են, չունեն բովանդակություն, կամ, որ հաճախ է պատահում, չկա ազդեցության գնահատման վերաբերյալ փաստաթուղթ:
Հարգարժան վարչապետ, դուք բազմիցս նշել եք Ազգային ժողովի դերակատարման բարձրացման մասին, դուք որպես ձեր խոսքի տեր անձնավորություն ինչ՞ եղավ, ինչու՞ հետևողական չեք»,- հարցրեց Արծվիկ Մինասյանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ընդունեց Արծվիկ Մինասյանի առաջարկը: Նրա խոսքերով՝ ինքը դեմ է, որ որևէ նախարար իր պարտականությունները չկատարի, և նախարարը պարտավոր է ներկայանալ հանձնաժողովի նիստերին: Սակայն, ըստ նրա, մի քանի դեպքերի հետ կապված նախարարները չեն ներկայացել, քանի որ գործուղման են եղել:
«Ես հետամուտ կլինեմ, որ նախարարները ներկայանան, դա կարևոր է, որևէ նախարարը իրավունք չունի չհարգելու օրենքը, չներկայանալով հանձնաժողովի նիստերին կամ լիագումար նիստին»,- ասաց Հ. Աբրահամյանը:
Ինչ վերաբերում է «Նաիրիտ»ի հարցին, վարչապետն ասաց, որ խնդիրը շատ խորն է ու բազմաբնույթ, տարիներ շարունակ կուտակված, հիմա փորձում են տալ լուծումներ այդ խնդրին, կա նախագահի հանձնարարականը:
«Հիմա արդեն բաժնետոմսերի փոխանակման գործընթացն է տեղի ունենում: Կարծում եմ, որ մինչև հունիսի սկիզբ կոնկրետ առաջարկներ կլինեն գործարանի վերագործարկման հետ կապված, իսկ ինչ վերաբերում է պարտքերին, ապա հաստատում եմ Երվանդ Զախարյանի ասածը, որ ամեն ինչ անելու ենք, որ մինչև 2015թ վերջ պարտքերը մարենք»,- ասաց Հ. Աբրահամյանը: