Իրաքի իշխանությունները Ռամադին ազատագրելու համար կամավորների հավաքագրում են սկսել
Իրաքի կառավարությունը կարևորագույն Ռամադի քաղաքն «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» գրոհայիններից ազատագրելու համար կամավորների հավաքագրում է սկսել: Ինչպես հայտնում է BBC-ն, կառավարության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ կամավորներրի հավաքագրումն անհրաժեշտ է Անբար նահանգն ազատագրող ուժերը համալրելու համար:
Ավելի վաղ Իրաքի իշխանամետ ուժերը և ոստկանները Reuters գործակալությանը փոխանցել էին, որ խոչընդոտել են ԻԼԻՊ-ի գրոհայինների հերթական հարձակումը Ռամադիի արևելյան շրջաններ, որտեղ տեղակայված են շիա աշխարհազորայինները:
Քաղաքը վերագրավելու գործում Իրաքի իշխանություններին օգնելու պատրաստակամություն է հայտնել նաև ԱՄՆ-ն: Մերձավոր Արևելքում ԱՄՆ ներկայացուցիչ Բրետ Մակգուրկը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ուժերը կօգնեն Իրաքի զորքերին ազատագրել Ռամադին:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ից Ռամադի քաղաքը գտնվում է «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» գրոհայինների վերահսկողության տակ: Անբար նահանգի կենտրոնը կարևոր նշանակություն ունի Իրաքի համար: Այն գտնվում է մայրաքաղաք Բաղդադից 112 կմ հեռավորության վրա: Բացի այդ, այստեղով են անցնում Բաղդադը Սիրիային և Հորդանանին կապող ռազմավարական ճանապարհները: