«Ի՞նչ եռակողմ պայմանագիր». Վարդան Պետրոսյանի փաստաբանը հակադարձում է Ռուբեն Բալոյանին
«Ի՞նչ եռակողմ պայմանագիր: Վարդան Պետրոսյանն արդեն մեկ տարի է ասում է՝ ինչքան պետք լինի Տաթևիկ Հակոբյանի բուժման համար, ինքը կվճարի: Իսկ իրենք չեն տանում Տաթևիկին բուժման: Այս դեպքում ի՞նչ եռակողմ, քառակողմ պայմանագիր, իրավական հիմք ունի՞ նրանց առաջարկությունը կամ արդյո՞ք տրամաբանության մեջ տեղավորվում է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Նշենք, որ տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը մեզ հետ զրույցում ասել էր. «Առաջարկել ենք նաև կնքել եռակողմ պայմանագիր՝ Տաթևիկ Հակոբյանի, Վարդան Պետրոսյանի և մեր կողմից առաջարկված վերականգնողական կենտրոնի միջև: Սպասում ենք պատասխանին»: Նա նաև ասել էր, որ տուժող կողմը Վարդան Պետրոսյանի առաջարկը՝ բուժման ծախսերը հոգալու վերաբերյալ, ընդունել է, միևնույն ժամանակ գրավոր տեսքով անելով իր առաջարկները, մասնավորապես՝ Տաթևիկ Հակոբյանի վերականգնողական բուժման վճարումները պետք է իրականացվի Վ. Պետրոսյանի կողմից՝ մինչև իր վստահորդի առողջության լիարժեք ապաքինումը՝ ներառյալ բոլոր ֆունկցիաների վերականգնումը:
Ն. Բաղդասարյանի խոսքով, Վարդան Պետրոսյանն առաջին իսկ օրվանից, երբ իմացել է դժբախտ պատահարի մասին, առաջարկել է օգնել երկու ընտանիքին էլ, ինչի մասին վկայում են դատարանում ներկայացված բազմաթիվ ապացույցները, Վարդան Պետրոսյանի ցուցմունքները և հայտարարությունները:
Ըստ նրա, դա հաստատվել է անգամ Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների կողմից կայացված դատական ակտերում. Բալոյանը բողոք էր ներկայացրել Վերաքննիչ դատարան, որ նման բան տեղի չի ունեցել, իսկ Վերաքննիչ դատարանը հաստատել է, որ իրականում Վարդան Պետրոսյանն առաջարկություն արել է հոգալու բուժման ծախսերը. «Իսկ թե ինչո՞ւ է մոռացել այդ մասին փաստաբան Ռուբեն Բալոյանը, չեմ կարող մեկնաբանել: Իմ կարծիքով, այդ փաստը կարևոր չէ»:
Ն. Բաղդասարյանը նաև ասաց, որ տուժող կողմը դատական նիստի ժամանակ ցանկություն է հայտնել Տաթևիկ Հակոբյանի բուժումը կազմակերպել կոնկրետ բուժհիմնարկում:
«Վարդան Պետրոսյանն ինձ լիազորել էր այդ բուժհիմնարկի հետ կնքել պայմանագիր, որտեղ արտացոլվել է հետևյալ հանգամանքը՝ ինչքան էլ կազմի Տաթևիկ Հակոբյանի բուժման գումարները, պատրաստ ենք վճարել, երկկողմ, եռակողմ պայմանագիր կնքելու կարիք չկա: Ցանկացած պահի Տաթևիկ Հակոբյանին կարող են ներկայացնել այդ հիվանդանոց: Մեկ տարի առաջ է եղել, նաև այսօր: Բոլոր իրավական փաստաթղթերն առկա են: Իրենք անգամ միջնորդում էին դատաբժշկական փորձաքննություն նշանակել, որպեսզի պարզեն, թե ինչքան է կազմելու այն գումարը, որ Վարդան Պետրոսյանը պատրաստ է վճարել: Մենք հայտնեցինք, որ նման միջնորդության կարիք չկա, քանի որ Վարդանը պատրաստ է վճարել ինչքան պետք է: Ի՞նչ կարիք կա նշանակել փորձաքննության, մի քանի ամիս ձգձգել այդ պրոցեսը, որ Վարդանը շատ երկար մնա կալանքի տակ»,- նշեց փաստաբանը:
Ն. Բաղդասարյանի խոսքով, բուժման արժեքն ավելի քիչ է, քան Վարդան Պետրոսյանը պատրաստ է իրենց կանխիկ վճարել:
«Երկու տարի է ասում էին, կոնկրետ այդ հիվանդանոցում են ուզում կազմակերպել Տաթևիկի բուժումը, պայմանագիր կնքեցինք, հիմա էլ ասում են՝ այլ տեղ են ուզում տանել բուժման համար»,- ասաց փաստաբան Ն. Բաղդասարյանը:
Ինչ վերաբերում է տուժող կողմի՝ Վճռաբեկ դատարան դիմելուն, Վ. Պետրոսյանի փաստաբանն ասաց. «Վերաքննիչ դատարանում այդ հարցին արդեն Վարդան Պետրոսյանը պատասխանել է. եթե ուզում են, թող ներկայացնեն, իրենց իրավունքն է»:
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով Վարդան Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ) նախատեսված հանցագործության կատարման մեջ: Նրա նկատմամբ պատիժ է նշանակել` ազատազրկում 5 տարի ժամկետով` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով` 2տարի ժամկետով: Պատժի կրման սկիզբը հաշվել 2013թ. նոյեմբերի 6-ից: Դատավճռով տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ Ռ. Բալոյանի և Զ. Վարդանյանի կողմից ներկայացված քաղ. հայցը թողնվել է առանց քննության: Վերաքննիչ բողոք էր ներկայացրել և մեղադրող դատախազ Ա. Սարգսյանը՝ պահանջելով ավելի խիստ պատիժ նշանակել, և տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը՝ նույն պահանջով, ինչպես նաև ամբողջությամբ բավարարել տուժող Տաթևիկ Հակոբյանի առողջությանը պատճառված վնասի մասով ներկայացված հայցապահանջը: Մայիսի 5-ին վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց դերասան Վարդան Պետրոսյանի գործով առաջին ատյանի դատարանի որոշումը: