Դերասան Վարդան Պետրոսյանի առաջարկը տուժող կողմն ընդունել է. Փաստաբան
Դերասան Վարդան Պետրոսյանի գործով տուժող կողմի՝ Հակոբյանների, Վճռաբեկ դատարան դիմելու հարցը ներկա պահին քննարկման փուլում է: Panorama.am-ի հետ զրույցում ասաց տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը:
Փաստաբանը նաև նշեց, որ տուժող կողմը Վարդան Պետրոսյանի առաջարկը՝ բուժման ծախսերը հոգալու վերաբերյալ, ընդունել է, միևնույն ժամանակ գրավոր տեսքով անելով իր առաջարկները, մասնավորապես՝ Տաթևիկ Հակոբյանի վերականգնողական բուժման վճարումները պետք է իրականացվի Վ. Պետրոսյանի կողմից՝ մինչև իր վստահորդի առողջության լիարժեք ապաքինումը՝ ներառյալ բոլոր ֆունկցիաների վերականգնումը:
«Առաջարկել ենք նաև կնքել եռակողմ պայմանագիր՝ Տաթևիկ Հակոբյանի, Վարդան Պետրոսյանի և մեր կողմից առաջարկված վերականգնողական կենտրոնի միջև: Սպասում ենք պատասխանին»,- ասաց Ռ.Բալոյանը:
Պատասխանելով հարցին, թե որպես փաստաբան, ի վերջո ինչպիսի՞ ելք եք տեսնում այս գործում, նա նշեց. «Ներկա պահին ես ելք չեմ տեսնում, այլ ելք եմ որոնում»:
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով Վարդան Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ) նախատեսված հանցագործության կատարման մեջ: Նրա նկատմամբ պատիժ է նշանակել` ազատազրկում 5 տարի ժամկետով` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով` 2տարի ժամկետով: Պատժի կրման սկիզբը հաշվել 2013թ. նոյեմբերի 6-ից: Դատավճռով տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ Ռ. Բալոյանի և Զ. Վարդանյանի կողմից ներկայացված քաղ. հայցը թողնվել է առանց քննության: Վերաքննիչ բողոք էր ներկայացրել և մեղադրող դատախազ Ա. Սարգսյանը՝ պահանջելով ավելի խիստ պատիժ նշանակել, և տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը՝ նույն պահանջով, ինչպես նաև ամբողջությամբ բավարարել տուժող Տաթևիկ Հակոբյանի առողջությանը պատճառված վնասի մասով ներկայացված հայցապահանջը: Մայիսի 5-ին վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց դերասան Վարդան Պետրոսյանի գործով առաջին ատյանի դատարանի որոշումը: