Ինչո՞ւ են փակվում ու անընդհատ տեղափոխվում խանութները. Պարզաբանում են տնտեսագետները (Լուսանկարներ)
Երևանում շուրջբոլորը փակվելու մասին, լիկվիդացիոն գներ հայտարարող ցուցանակներով, արդեն փակված, տարածքը վարձակալության հանձնելու մասին գրություններով խանութներ են:
Նման խանութներում մեր անցկացրած փոքրիկ հարցումը ցույց տվեց, որ խանութը մի տեղում փակում են՝ մեկ այլ տեղ բացելու համար, մասնաճյուղերից մի քանիսը փակում են անվերադարձ, կամ էլ վարձակալած տարածքն են կրճատում՝ ծախսերը կրճատելու համար:
Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը Panorama.am-ի հետ զրույցում սա պայմանավորում է սպառման ծավալների կրճատմամբ. «Երևանում խանութների զգալի մասն աշխատում է վարձակալած տարածքներում: Փոքր շահութաբերության դեպքում սպառման որոշակի նվազումը լուրջ խնդիր է առաջացնում վարձերի հետ կապված, իսկ վարձակալությունը ծախսերի մեջ զգալի մաս է կազմում, դրա համար նրանք անընդհատ ստիպված տեղից տեղ են տեղափոխվում»:
Տնտեսագետի խոսքով, բնակչության եկամուտները վերջին ամիսների ընթացքում նվազել են, ինչի հետևանքով մարդիկ սկսել են տնտեսել. «Եկամուտների նվազման, աղքատության տեմպերի պահպանումն ու տնտեսության հետ կապված ընդհանուր բացասական սպասումները բոլոր քաղաքացիներին ստիպում են ծախսերի խնայողություն իրականացնել, հետաձգել ծախսերը: Այսինքն նրանք հստակ պատկերացնում են, թե երկու ամիս անց ինչ է տեղի ունենալու, նրանք խնայողաբար են սկսում ծախսել, սկսում են ավելի քիչ հագուստ գնել, հետաձգել կամ ավելի էժանագին բաներ առնել»:
Մեսրոպ Առաքելյանի խոսքով, այստեղ որոշակի դեր ունեն նաև մոլերը. «Որոշ մասով սա էլ է ազդում, որոշ տնտեսվարողներ տեղափոխվել են մոլեր, սակայն այստեղ կարևոր գործոնը, կրկնում եմ, սպառման ծավալների նվազումն է, որն էլ ազդում է բիզնես միջավայրի վրա»:
Տնտեսագետի կանխատեսումներով, առաջիկա ամիսների ընթացքում կայունություն կնկատվի. «Կայունություն վատ իմաստով, այսինքն կհասնի մի կետի, երբ կլինի տնտեսության զրոյական զարգացում, 2-3 տարի այդ վիճակը կմնա, որից հետո հնարավոր է որոշակի ակտիվացում»:
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյան էլ Panorama.am-ի հետ զրույցում խանութների փակումը երկու գործոնով պայմանավորեց՝ բնակչության գնողունակության անկում և շատ տնտեսվարողներ առկա պայմաններում չեն կարողանում դիմակայել. «Պետությունը պետք է նայի, որն է այն սահմանը, որից այն կողմ անտանելի է դառնում հարկային բեռը, մնացած խնդիրները և դադարեցնում են գործունեությունը: Այդպիսիք շատ են, հիմա այնպիսի իրավիճակ է, որ տարածք վաճառողներն ավելի շատ են, քան գնորդները: Սա պետք է պայմանավորել գնողունակության անկմամբ ու տնտեսվարողի համար անբարենպաստ պայմաններով»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները