Ի՞նչ փուլում է գտնվում Իրան-Ադրբեջան երկաթգծի կառուցումը
Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փաքայինն ադրբեջանական «Todaynews.az» կայքին տված հարցազրույցում, անդրադառնալով Իրան-Ադրբեջան երկաթգծի շինարարությանը, նշել է. «Իրանի տարածքում՝ Ղազվին-Ռաշտ հատվածի շինարարությունն ավարտին է մոտենում, Ռաշտ-Ասթարա (Իրան) հատվածի շինարարության գործում մասնակցության հարցի շուրջ Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ են ընթանում»:Թեմայի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու նպատակով Panorama.am-ը զրույցել է իրանագետ Արմեն Իսրայելյանի հետ:
«Իրան-Ադրբեջան երկաթգծի շինարարության հարցն ավելի շատ քաղաքական նշանակություն ունի, քան տնտեսական, քանի որ շուրջ երկու-երեք տարի է, ինչ երկաթգծի շահագործման հստակ ժամկետներ են հայտարարվում, սակայն երկաթգիծը ոչ միայն չի շահագործվում, այլ դրա մեծ մասը դեռ կառուցված էլ չէ»,-մեզ հետ զրույցում նշեց Իսրայելյանը և հավելեց. «Խնդիրը հետևյալն է՝ Ղազվին-Ռաշտ հատվածը իրանական կողմը նախատեսում է ավարտել մինչև այս տարվա վերջ: Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ Ռաշտ-Աստթարա (Իրան) հատվածը պետք է Իրանն ու Ռուսաստանը համատեղ կառուցեն, իսկ մնացյալ՝ Իրանի Ասթարայից մինչև Ադրբեջանի Ասթարա ընկած կամրջային անցումն ու ևս 8 կիլոմետրանոց հատված պետք է կառուցվի Ադրբեջանական Հանրապետության ֆինանսավորմամբ»:
Անդրադառնալով մոտ ապագայում երկաթգծի՝ շինարարական աշխատանքները սկսելու հավանականությանը՝ փորձագետը նշեց, որ Իրանի տարածքի շինարարական աշխատանքները մեկ-երկու տարվա ընթացքում ավարտին կհասցվեն, քանի որ անկախ դրանից՝ այդ երկաթգիծը կկապվի Ադրբեջանին թե ոչ, Իրանը դրա կարիքն ունի երկրի ներքին երկթագծային ցանցը լիարժեք դարձնելու համար:
Փորձագետի խոսքով՝ գոյություն ունեն մի շարք գործոններ, որոնց առկայության պայմաններում համենայն դեպս մոտ ապագայում երկաթգծի լիարժեք շահագործման հավանականությունը հավասարվում է զրոյի. Դրանք են՝ Կասպից ծովի իրավական կարգավիճակի հարցը, Ռուսաստանի տնտեսությունում առկա ճգնաժամային իրավիճակը, Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցները, նավթի գների հետ կապված Ադրբեջանի անկայուն ֆինանսական վիճակը և վերջապես տարածաշրջանում տիրող անկայուն իրավիճակը, որն օրստօրե ավելի անկանխատեսելի է դառնում:
«Բացի այդ՝ այստեղ պետք է նշել նաև Թուրքիայի գործոնը: Ինչպես հայտնի է, 2014թ. վերջին շահագործման հանձնվեց Իրան-Թուրքմենստան-Ղազախստան երկաթգիծը, որի լիարժեք գործարկմամբ Իրանի ազդեցոթյունը զգալիորեն կմեծանա Անկարայի և Թեհրանի համար մեծ կարևորություն ունեցող Միջին Ասիայի տարածաշրջանում. այդ համատեքստում Անկարան Ադրբեջանական Հանրապետության վրա Իրանի ազդեցությունը նվազեցնելու նպատակով կփորձի ամեն կերպ խոչընդոտել դրա գործարկումը»,-հավելեց Իսրայելյանը: