Արմեն Մուրադյանը վստահեցնում է, որ վաղը պարզ կլինի Ալաշկերտի երեխաների թունավորման պատճառը
Նկատի առնելով 2014թ. տեղի ունեցած մի շարք դեպքերը, մասնավորապես Եղվարդի մանկապարտեզում երեխաների զանգվածային թունավորումը, կառավարությունը վերացրել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջության պահպանման տեսչության դպրոցներում և նախադպրոցական հիմնարկներում ստուգում անցկացնելու արգելքը: Այս մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում:
Հիշեցնենք, որ այիսի 8-ից 10-ն ընկած ժամանակահատվածում Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքից Արմավիր բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք էր հոսպիտալացվել 12 երեխա։ Բոլորը` Ալաշկերտ համայնքի մանկական նախադպրոցական կազմակերպության սաներ։ Ըստ ՀՀ առողջապահության նախարարության՝ համաճարակաբանական օրինաչափությունների և լաբորատոր հետազոտությունների արդյունքում կարելի է եզրակացնել, որ արձանագրվել է սննդային ծագման աղիքային վարակի տեղային (լոկալ) բռնկում:
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ներկայացրեց իրավիճակը՝ նշելով, որ բոլոր 12 երեխաների վիճակը բավարար է: Իսկ ինչ վերաբերում է պատճառներին` հիգենիկ նորմատիվ պայմաններին և պահպանմանը, համապատասխան տեսչական ստուգումներին, նախարարը հիշեցրեց, որ կառավարությունը համապատասխան որոշում կայացրեց, ըստ որի՝ որոշվեց վերացնել մինչև 70 միլիոն շրջանառություն ունեցող որոշ օբյեկտների նկատմամբ ստուգման արգելքը և թույլատրել տեսչությանը աշխատանքները շարունակել:
Խոսքը դպրոցների և մանկապարտեզների մասին է: Նախարարի խոսքերով՝ նախատեսվում է դպրոցական և նախադպրոցական կազմակերպություններում բարելավել խոհանոցային պայմանները, ինչի համար դեռ ուսումնասիրություն պիտի լինի, որպեսզի պարզեն, թե որքան գումար է հարկավոր այդ բարեփոխումների համար:
«Բացի այդ հիգենիկ պայմանները պահպանելու համար ամենօրյա հսկողություն պետք է սահմանել»,- ասաց Ա.Մուրադյան:
Հարցին, թե ի՞նչն է եղել թունավորման պատճառը՝ աշխատակցի կողմից սանիտարահիգիենիկ նորմերի խախտո՞ւմը, թե ոչ մաքուր սպասքը, Ա. Մուրադյանն ասաց, որ լաբորատոր քննությունների պատասխանը կլինի վաղը: «Սննդի երկրորդային ախտոտվածությունը հաստատված է, բայց հարուցիչը պարզ կլինի վաղը: Երբ բացահայտվի թունավորման հարուցիչը, նաև պարզ կլինի, թե ինչ ճանապարհով է այն փոխանցվել»,- ասաց նախարարը:
Նախորդող հրապարակում՝
Ալաշկերտի մանկապարտեզի դեպքով լաբորատոր հետազոտությունների արդյունքները հայտնի են