Ֆեդունը հեռանում է «Սպարտակից»
Մոսկվայի «Սպարտակի» սեփականատեր Լեոնիդ Ֆեդունը հայտարարել է մայրաքաղաքային ակումբից հեռանալու մասին: Ստորև մեջբերում ենք հայտարարության տեքստն ամբողջությամբ:
«Սպարտակի հարգելի երկրպագուներ,
Ավարտվում է Ռուսաստանի 10-րդ առաջնությունը, երբ ես գլխավորում եմ «Սպարտակ» ֆուտբոլային ակումբը: Այս ընթացքում հաջողվեց ստեղծել նյութական ամուր հիմք ժողովրդական թիմի համար: Մեր մարզադաշտը լավագույնն է երկրում: Մեր ակադեմիան արժանիորեն օրինակելի է համարվում ոչ միայն Ռուսաստանում, այլև Արևելյան Եվրոպայում: Մեր տասնյակ սաներ հանդես են գալիս տարիքային բոլոր հավաքականներում: Ակումբը ֆինանսական ամուր հիմք ունի: Այս տարիների ընթացքում աշխատավարձերի վճարման ոչ մի ուշացում չի եղել: Ակումբը լիովին համապատասխանում է Ֆինանսական արդար խաղի պահանջներին:
«Սպարտակը» 5 անգամ հռչակվել է Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր: Պարբերաբար հանդես է եկել ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում և Եվրոպայի լիգայում:
Այս արդյունքները, որոնք ականավոր կլինեին Ռուսաստանի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի ակումբներից շատերի համար, չեն կարող բավարար լինել մեր երկրի ամենահռչակավոր ակումբի համար:
Անկեղծորեն և ողջ հոգով ցավում եմ «Սպարտակի» ճակատագրի համար և հասկանում եմ, որ լիազորությունները պրոֆեսիոնալներին հանձնելու ժամանակն է: Գուցե նրանք ավելի հաջողակ լինեն և ժողովրդական թիմին հասցնեն նոր կոչումների:
Թող Աստված պահպանի «Սպարտակին»:
Ավելի ուշ Լեոնիդ Ֆեդունը մեկնաբանել է իր իսկ հայտարարությունը՝ ակումբի ղեկավարումը պրոֆեսիոնալներին հանձնելու վերաբերյալ: Նա նշել է, որ շարունակելու է ֆինանսավորել թիմին:
«Ամեն ինչ կտեսնեք: Կարող եք այլևս չզանգահարել ինձ: Ես ֆուտբոլի վերաբերյալ այլևս ոչ մի մեկնաբանություն չեմ կատարելու և դառնալու եմ միայն այն մարդը, ով ֆինանսավորելու և օգնելու է «Սպարտակին»: Որոշումներն ուրիշները կկայացնեն»,- ասել է Ֆեդունը championat.com-ի թղթակցին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան