Աշոտ Ղուլյանը վերընտրվեց
28 կողմ, 5 դեմ ձայների հարաբերակցությամբ ԼՂՀ ԱԺ նախագահ ընտրվեց Աշոտ Ղուլյանը: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայության ղեկավար Անուշ Ղավալյանը:
Հիշեցնենք, որ այսօր կայացել է ԼՂ 6-րդ գումարման Ազգային Ժողովի առաջին նիստը, որի ընթացքում ընտրվել է նաև խորհրդարանի փոխնախագահը։Փոխխոսնակի պաշտոնում 30 կողմ 2 դեմ ձայների հարաբերակցությամ ընտրվել է ՀՅԴ-ական պատգամավոր Վահրամ Բալայանը:
Արցախի Հանրապետության 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացմանը մասնակցել ու ողջույնի խոսքով հանդես է եկել նախագահ Բակո Սահակյանը:
«Սպասելիքները նոր խորհրդարանից առաջին հերթին վերաբերում են օրինաստեղծ գործունեությանը: Հույս ունենք, որ նոր որակ կհաղորդվի օրենքների մշակման աշխատանքներին՝ հաշվի առնելով զարգացած երկրների փորձը և մեր հանրապետության առանձնահատկությունները»,-ասել է Բակո Սահակյանը:
Աշոտ Ղուլյանը ծնվել է 1965թ. օգոստոսի 19-ին, Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղում:
1990թ. ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի պատմական ֆակուլտետը` պատմաբան-իրավագետի մասնագիտությամբ:
1992թ. դեկտեմբերից ԼՂՀ 1-ին գումարման Գերագույն խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ ռեֆերենտ էր, 1993թ. սեպտեմբերից` Գերագույն խորհրդի նախագահի օգնական:
1995թ. հունվարից ղեկավարել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարության Սփյուռքի եւ երկկողմ հարաբերությունների բաժինը, 1998թ. հունվարից` քաղաքական վարչությունը:
1998թ. դեկտեմբերի 15-ին նշանակվել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ:
2001թ. հունիսին թողել է արտաքին գործերի նախարարության համակարգը` «Ժողովրդավարական Արցախ միություն» հասարակական-քաղաքական կազմակերպության համանախագահ ընտրվելու կապակցությամբ:
2002թ. հոկտեմբերին նշանակվել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար:
2004թ. դեկտեմբերին նշանակվել է ԼՂՀ կրթության, մշակույթի եւ սպորտի նախարար:
2005թ. հունվարին ընտրվել է «Արցախի ժողովրդավարական կուսակցության» նախագահ:
2005թ. հունիսի 19-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր` համամասնական ընտրակարգով, «Արցախի ժողովրդավարական կուսակցության» ընտրացուցակով:
2005թ. հունիսի 30-ին ընտրվել է ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ:
2010թ. հունիսի 10-ին ընտրվել է ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ:
Ազգային ժողովի «Ժողովրդավարություն» խմբակցության անդամ է:
Ունի արտակարգ դեսպանորդի և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան:
Պարգևատրված է ԼՂՀ «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով:
Ամուսնացած է, ունի երեք զավակ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում