Սիրիահայերին պետք է ցուցաբերել առավելագույն աջակցություն. վարչապետ
Վերջին շրջանում Հալեպից Հայաստան է ժամանել մոտ 200 մարդ: Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Նրա խոսքերով՝ սփյուռքի նախարարությունը դիվանագիտական ծառայությունների և Հալեպում գործող հայկական կազմակերպությունների հետ ամենօրյա կապի մեջ է, որոնք նաև մշտական օգնություն են ցուցաբերում մեր հայրենակիցներին:
«Ցավոք, Հալեպում իրավիճակը վտանգվում է: Վերջին մեկուկես ամիսներին Հալեպում զինյալների թիրախում են նաև քրիստոնեական շրջանները, ինչի հետևանքով ավերվեց Հալեպի Սրբոց Նահատակաց եեղեցին: Զինյալները պայմաններ են դնում մեր հայրենակիցներին, որպեսզի նրանք արագ հեռանան տարածքից: Խնդիրները երեք ուղղությամբ են զարգանում. հալեպահայերի մի մասը տեղափոխվում են Սիրիայի առավել անվտանգ տարածքներ, մի մասը դուրս է գալիս Հալեպից, իսկ մյուս մասը շարունակում է մնալ այնտեղ: Ներկայում խուճապային տրամադրություններն անցել են, վերակագնվել է ջրի և էլեկտրաէներգիայի մատակարարումը»,- նշեց նախարարը:
Հ. Հակոբյանը հայտնեց, որ նախարարությունը գումարել է միջգերատեսչական հանձնաժողովի նիստ՝ հասկանալու, թե ինչ կարող են անել և ինչպես աջակցել մեր հայրենակիցներին: Նախարարը հանդիպել է նաև բարեգորական կառույցների, ՄԱԿ-ի փախստականների հանձնակատարի հետ, ճշտել, թե ինչ հնարավորություն կա սիրիահայերին օժանդակություն ցուցաբերելու համար:
«Առաջին խնդիրը բնակարանի հարցն է, քանի որ նրանք հիմնականում ցանկանում են հաստատվել Երևանում: Բնակարանի վարձի հետ կապված խնդիրը ՄԱԿ-ի գրասենյակի և բարեգործական կառույցների օժանդակությամբ լուծվել է: Էկոնոմիկայի նախարարության հետ այժմ ակտիվացնում ենք փոքր բիզնեսի կազմակերպանն օգնելու գործողությունները, որպեսզի նրանց համապատասխան վարկեր տրամադրվեն: Խնդրում ենք գործատուներին, որ առավել հեշտությամբ սիրիահայերին ընդունեն աշխատանքի»,- ասաց Հ.Հակոբյանը:
Ըստ նրա՝ սիրիահայերի մոտ առկա են նաև հոգեբանական և առողջական այլ խնդիրներ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ քննարկվել է խնդիրը և սիրիահայերին օգնություն կցուցաբերվի պետպատվերի շրջանակում: Միաժամանակ, Հ. Հակոբյանն ասաց, որ սիրիահայ երեխաների թիվը Հայաստանում ևս գնալով ավելանում է և կառավարությունը կկարողանա 300-ից ավելի երեխաների ամառային հանգիստը կազմակերպել ճամբարներում:
Նա նաև հայտնեց, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն առաջիկայում կայցելի Սիրիա՝ ծանոթանալու իրավիճակին: Սիրիայում կլինի նաև պատգամավորների խումբ: Բացի այդ, ըստ նախարարի, իրենք պայմանավորվել են նաև սփյուռքի շատ կազմակերպությունների հետ՝ Սիրիայում ապրող մեր հայրենակիցներին օգնություն ցուցաբերելու համար:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ առաջարկեց համապատասխան նախարարություններին կոորդինացնել այդ աշխատանքները և սիրիահայերին ցուցաբերել առավելագույն աջակցություն: