Աղձքի հայոց արքաների դամբարանից գտնվել են սելադոնից պատրաստված հախճապակե անոթներ
Արագածոտնի մարզում Աղձքի հայոց արքաների դամբարանի պեղումների ընթացքում հայտնաբերված իրերը վկայում են, որ 10-14 դարերում Հայաստանը կապեր է ունեցել Չինաստանի հետ: Panorama.am-ի հետ զրույցում ասաց մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգություն գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն, արշավախմբի ղեկավար Հակոբ Սիմոնյանը:
Նրա ներկայացմամբ, արդեն չորս ամիս է պեղումներ են իրականացվում դամբարանի տարածքում. «Բազմաթիվ բացահայտումներ կան՝ հնագիտական գտածոների ու կառույցների տեսքով: Երեք սենյակ է բացվել, որոնք մինչ այժմ անհայտ էին: Երկուսն ավելի ուշ շրջանի են, մեկը հավանաբար, հենց միջնադարյան շրջանի կառույց է»:
Հ. Սիմոնյանն ասաց, որ հայտնաբերել են դրամներ, մետաղի ասեղներ, մատանիներ, ուլունքներ, տարբեր տեսակի, գույնի ապակուց ապարանջաններ: Պեղումների ընթացքում, ըստ նրա, գտնվել է խեղեցեղենի հսկայական հավաքածու, սելադոնից պատրաստված հախճապակե անոթներ, որոնք, ընդունված տեսակետի համաձայն, պատրաստվել են կամ Չինաստանում, կամ Կորեայում:
«Սա մեծ հայտնագործություն է: Նշանակում է միջնադարում, այսինքն 10-14 դարերում, այդ ապրանքները ներմուծվել են Հայաստան: Քանի որ շատ թանկարժեք անոթներ են եղել, ցույց է տալիս, որ Աղձքը նաև միջնադարում եղել է բավականին կարևոր կենտրոն»,- ասաց արշավախմբի ղեկավարը:
Հ.Սիմոնյանի խոսքով, նախատեսում են պեղումներն ավարտել երեք տարուց: 2015-17 թթ. իրականացվող ծրագրի համար կառավարության կողմից հատկացվելու է 50 միլիոն դրամ: Պեղումները կատարում է մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգություն գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը, ընդգրկված են հմուտ ճարտարապետներ, երիտասարդ գիտնականներ, արվեստաբաններ:
Ավելի վաղ Հ.Սիմոնյանն ասել էր, որ Արագածոտնի մարզում Աղձքի հայոց արքանների դամբարանի պեղումները բացառիկ են մեր ինքնության, պետականության, ինքնաճանաչման առումով: Դամբարանը կառուցվել է 359 թվականից հետո, հավանաբար 364 թվականին:
Աղձքի Արշակունյանց դամբարանի կառուցման պատմությունը՝ Հ. Սիմոնյանի ներկայացմամբ. «Վաղ միջնադարյան միակ կառույցն է, որն ունի հստակ թվագրում, որին անդրադարձել են խոշոր պատմիչները, այդ թվում նաև Խորենացին, Բյուզանդը: Պարսից Սասանյան Շապուհ երկրորդ արքան չկարողանալով ընկճել Հայաստանի ըմբոստ ոգին, ձեռնարկում է մի հատուկ արշավանք, որի նպատակն էր հափշտակել հայոց արքաների ոսկորները, որովհետև, ըստ մոգերի, դրանց մեջ էր ամփոփված երկրի քաջությունը, բախտն ու փառքը: Թագավորը խորհրդանշել է անկախությունը, երկրի հզորությունը: Պարսկական բանակը Մծբինի կողմից շրջանցելով Հայոց Միջագետքը, հարավից ներխուժում է Եփրատ գետի վերին ավազանը: Պարսիկները խաբեությամբ կարողանում են գրավել Անի-Կամախ ամրոցը, բացում են հայոց արքաների դամբարներն ու հավաքում արքաների ոսկորները, անթիվ գանձեր են հափշտակում, մեծ գերիների ուղեկցությամբ շարժվում են դեպի Պարսկաստան: Մեծագույն ամոթ էր երկրի համար, քանի որ պետականության խորհրդանիշների հափշտակում էր: Հայոց այրուձին Վասակ Մամիկոնյանի գլխավորությամբ հետևում է, հասնում ու ջախջախում պարսկական բանակը, ազատում գերիներին, հայոց արքաների աճյունները: Պատմիչներն ուշագրավ տեղեկություն են հաղորդում. քանի որ խառնվել էին հայոց հեթանոս և քրիստոնյա արքաների ոսկորները, որոշում են, որ չի կարելի սրբերի հանգստարան Վաղարշապատում թաղել նրանց, դրա համար Արագած լեռան լանջին կառուցվում է հատուկ դամբարան, որտեղ ամփոփում են հայոց արքաների աճյունները»:
Նախորդող հրապարակում՝
«Աղձքի Արշակունյանց դամբարանի պեղումները շատ կարևոր են մեր ինքնության առումով». Արշավախմբի ղեկավար
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան