HRW. Ռիգայում ԵՄ լիդերները պետք է կոչ անեն Ադրբեջանին
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարություն է տարածել դիմելով Ռիգայում ԱլԳ երկրների գագաթնաժողովին մասնակցող ԵՄ լիդերներին` կոչ անելով վերջիններիս ևս մեկ անգամ ուշադրություն դարձնել Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրին և հասնել նրանց ազատ արձակմանը:
«Այս հանդիպումը լավ հնարավորություն է ԵՄ համար` ցույց տալու մարդու իրավունքների պաշտպանությանը իր հավատարմությունը և պահանջելու Ադրբեջանից վերջ դնել մարդու իրավունքների խախտումներին, ինչպես նաև ազատ արձակել կառավարությանը քննադատելու համար ձերբակալվածներին: ԵՄ-ը պետք է Ադրբեջանին հասկացնի, որ ավելի խորը համագործակցություն կարելի է ակնկալել միայն այն դեպքում, երբ Ադրբեջանի կառավարությունը լուծի երկրում մարդու իրավունքների վատթարագույն վիճակը»,- ասված է հայտարարության տեքստում:
Կազմակերպությունը միաժամանակ հիշեցնում է, որ այս տարվա ապրիլի 30-ին արդեն իսկ ԵՄ արտգործնախարարներին ուղղված հատուկ նամակում իրավապաշտպան կառույցի ղեկավարը կոչ է արել կոշտ պատասխան տալ Ադրբեջանի իշխանությունների կողմից քաղաքացիների իրավունքների ու ազատությունների ոտնահարումներին, ինչպես նաև հրաժարվել մասնակցել Եվրոպական խաղերի միջոցառումներին: