«Թաքցնելու ոչինչ չունեմ». Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով գործարարն է հարցաքննվել
Գործարար, Գորիսի «ԳԱՄՄԱ» ընկերության տնօրեն Տիգրան Կարապետյանը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով կանչվել է քննչական բաժանմունք և հարցաքննվել: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ինքը` գործարարը:
« Ոչ միայն ինձ, այլ բազմաթիվ անձանց հրավիրել են ոստիկանություն պարզաբանումներ ստանալու համար»,- ասաց Տիգրան Կարապետյանը:
Հարցին, թե ինչո՞ւ էր հենց ինքը հայտնվել իրավապահների թիրախում, հնարավո՞ր է Խաչատրյանի մասին իր վերջին հայտարարությունն է պատճառը եղել, Կարապետյանը պատասխանեց. «Կարծում եմ` այո: Եվ նաև այն, որ Զաքարյանները իմ մտերիմ ընկերն են»:
Նշենք, որ «Առաջին լրատվականը» գրել էր, որ Տիգրան Կարապետյանը հարցազրույցում սպառնացել է Սուրիկ Խաչատրյանին և ասել. «Ես ուզում եմ Սուրիկ Խաչատրյանին վերջին անգամ զգուշացնել, որ եթե հաստատվեց իր կամ որդու մասնակցությունն այս դեպքին, պատիժը լինելու է խիստ և համարժեք»:
Ի դեպ, Կարապետյանն ասաց, որ իր հայտարարությունն աղավաղված է ներկայացվել և ինքը ասել է` «պատիժը լինելու է օրենքի սահմանում»:
«Էմոցիոնալ հայտարարություններից սենսացիա է սարքվել, ինչը ճիշտ չէ», -նկատեց գործարարը:
Կարապետյանն ասաց, որ ինքը պատրաստակամ է գնացել հարցաքննության և այն նորմալ է անցել, քանի որ «թաքցնելու ոչինչ չունեմ»:
«Ներկայացրել եմ խրոնոլոգիան` որտեղ եմ եղել, ինչ եմ արել: Այդ ժամանակ ես իմ աշխատավայրում եմ եղել, որտեղ կան տեսախցիկներ և տարածքում ամեն ինչ տեսաձայնագրվում է», -փոխանցեց Կարապետյանը:
Ինչ վերաբերում է Սուրիկ Խաչատրյանի հետ կատարվածին, ապա Կարապետյանն ասաց, որ այդ առնչությամբ ձեռնպահ կմնա վարկածների իր տարբերակը հայտնել, քանի որ իր հայտարարությունները այդ ամենի մասին սուբյեկտիվ են ընկալվում:
«Այս պահին ինձ ավելի շատ հետաքրքրում է իմ ընկերոջ առողջական վիճակը», -ասաց նա:
Նշենք, որ Քննչական կոմիտեի տրամադրած տեղեկության համաձայն, Սուրիկ Խաչատրյանի «Լեքսուս LX 570» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ մայիսի 20-ին կրակահերթն արձակվել էր Կապան-Գորիս ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում: Նախնական տվյալներով՝ ավտոմեքենայի մեջ եղել են Սուրիկ Խաչատրյանը և ևս երկու հոգի՝ վարորդը և մարզպետի օգնականը: Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (Սպանության փորձ) 2-րդ մասի և 235-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Հարակից հրապարակումներ`
Ոչ մի վարկած չեմ բացառում, հատկապես երբ խնդիրը վերաբերվում է Սուրիկ Խաչատրյանին. Հայկ Ալումյան
Չի բացառվում Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ հանցագործությունը ձևական եղած լինի. Փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները