ԼՂՀ նախագահի Փարիզ կատարած այցը զայրացրել է Բաքվին
Ադրբեջանական իշխանություններին զայրացրել է մայիսի 17-19-ը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի այցը Փարիզ: Ադրբեջանում ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն կանչվել է ադրբեջանական արտգործնախարարություն, որտեղ ֆրանսիական դիվանագետին պաշտոնական Բաքվի բացասական վերաբերմունքն արտահայտող նոտա է ներկայացվել: Այս մասին հայտնում է «Deutsche Welle»-ն:
«Սահակյանի այցը Փարիզ վտանգում է ֆրանս-ադրբեջանական բարեկամական հարաբերությունները»,-նշվում է Բաքվի պաշտոնական արձագանքի մեջ:
Ադրբեջանական արտգործնախարարության ներկայացուցիչ Ահմետա Գաջիեվան նշել է, որ Լեռնային Ղարաբաղի չճանաչված հանրապետության նախագահի և նրան ուղեկցող այրերի այցելությունը Փարիզ հակասում է Ֆրանսիայի`որպես Մինսկի խմբի մշտական համանախագահող երկրի մանդատի բովանդակությանը:
Բաքվի հղած նոտայում, ինչպես հաղորդում է պարբերականը, նշված է, որ ֆրանս-ադրբեջանական բարեկամական հարաբերություններին վնասել է նաև ղարաբաղի Ազգային ժողովի մայիսի 4-ին կայացած ընտրություններին ֆրանսիացի պատգամավորների`որպես դիտորդների ներկայությունը Ստեփանակերտում: