Հայաստանում նկատվել է եկամուտների անհավասարության կրճատում. ՄԱԿ
Վերջին տարիներին Հայաստանում հարուստ և աղքատ բնակչության եկամուտների միջև հարաբերակցությունը կրճատվել է: Այս մասին նշված է ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի հրապարակած զեկույցում:
«Բազմաթիվ երկրներում բնակչության բարձր և ցածր եկամուտներ ունեցող հատվածների միջև եկամուտների բաշխումը բարելավվել է: Եկամուտների միջև տարբերությունը կտրուկ կրճատվել է Հյուսիսային և Կենտրոնական Ասիայում, այնպիսի երկրներում, ինչպիսիք են` Հայաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանի Դաշնությունը և Ուզբեկստանը»,-ասված է զեկույցում:
Ըստ զեկույցի՝ Հայաստանում ներկայումս 20% ամենահարուստների և 20% ամենաաղքատների եկամուտների միջև հարաբերակցությունը կազմում է 4,6%, մինչդեռ դիտարկված նախորդ տարիներին այն կազմել է գրեթե 10%:
Համեմատության համար` Վրաստանում նկատվել է հակառակ միտումը: Հարուստների և աղքատների եկամուտների միջև հարաբերակցությունը վերջին տարում մեծացել է` կազմելով 9,5%:
Զեկույցում նաև նշվում է, որ Հայաստանում կրճատվել է աշխատանքի վարձատրության մեջ գենդերային խզվածությունը:
Ըստ ՄԱԿ-ի գնահատականների` Հայաստանում ծայրահեղ աղքատությունը վերջին տարվա ընթացքում 1990-ականների համեմատությամբ կրճատվել է 85,9%-ով: Եթե 1990-ականներին ծայրահեղ բնակչությունը կազմել է Հայաստանի բնակչության 17,5%-ը, ապա ներկայումս այն կազմում է բնակչության 2,5%-ը: