«Հայաստան» հիմնադրամը ևս երկու համայնքային կենտրոն բացեց Արցախում
«Հայաստան» հիմնադրամի պատվիրակությունը` կազմված հոգաբարձուների խորհրդի անդամներից, տեղական մարմինների ներկայացուցիչներից, բարերարներից, գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ այսօր այցելությամբ եղել է Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում, որտեղ հանդիսավոր պայմաններում երկու համայնքային կենտրոն է բացել:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ Խաչմաչ գյուղի համայնքային կենտրոնը միասնական ուժերով իրականացված ծրագիր է: Այն կառուցվել է Հիմնադրամի Լիբանանի, Բրազիլիայի, Հոլանդիայի, Հունաստանի, Կիպրոսի տեղական մարմինների և ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ:
Երկհարկանի կառույցում կենտրոնացած գյուղապետարանը, բուժկետը, 150 տեղանոց հանդիսությունների դալիճը և համակարգչային սրահը կծառայեն 233 բնակիչ ունեցող գյուղի կարիքներին:
Շոշ գյուղում Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի/ ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ/ կառուցված համայնքային կենտրոնի շնորհիվ էլ համայնքի 610 բնակիչներն արդեն իսկ ունեն բարեկարգ գյուղապետարան, բուժկետ, գրադարան, համակարգչային սենյակ, հանդիսությունների սրահ և կարող են նորովի կազմակերպել իրենց առօրյան:
Բացման հանդիսավոր արարողությունները տեղի են ունեցել ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի գլխավորությամբ:
Պատվիրակությունն այցելել է նաև Շոշի դպրոց` 2004 թ.կառուցված Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ջանքերով: Կրթօջախն առ այսօր վայելում է տորոնտոհայերի շարունակական հոգածությունը: Ամիսներ առաջ դպրոցը վերանորոգվել է և այսօր` կառուցումից 10 տարի անց, նորովի է ներկայանում համայնքին: