Գևորգը լավատես է դարձել, հիմա կյանքին ուրիշ հայացքով է նայում. Վիրավոր զինվորի հայր
Թշնամու գնդակից ողնուղեղի ծանր վնասվածք ստացած Գևորգ Եղիազարյանին ճնշման տատանումների պատճառով բժիշկը խորհուրդ չի տալիս ինքնաթիռ նստել: Panorama.am-ի հետ զրույցում Գևորգի հայրը՝ Էդիկ Եղիազարյանը նշեց, որ օրվա մեջ մի քանի անգամ որդու ճնշումը բարձրանում-իջնում է. «Հիմա նա բուժման կուրս է անցնում: Վիճակը հենց մի քիչ կայունանա, արագ կտեղափոխենք Գերմանիա: Բժիշկն էլ, ով պետք է Գևորգին ուղեկցի, վախենում է, իր պատասխանատվության ներքո է»:
Ճնշման տատանումը Գևորգի համար վտանագվոր է, Իսրայելից վերադառնալուց հետո, երբ բուժումն ընդհատվել է, նա ինսուլտ է տարել:
Հայրն ասում է, որ Գևորգն անընդհատ պառկած է, ճնշման կայունացման համար նշանակված բուժման կուրսը մինչև հունիսի 5-ը կվերջանա. «Առաջվա համեմատ փոփոխություն կա, բայց հենց ուզում ենք շարժել, ճնշումը բարձրանում է, քիչ-քիչ պետք է նախապատրաստենք, հիմա մերսումներ է ընդունում»:
Է. Եղիազարյանի խոսքով, այն բանից հետո, երբ որդին իմացել է՝ բուժման համար անհրաժեշտ գումարն ամբողջությամբ հավաքվել է, տրամադրությունը շատ լավ է. «Շատ լավ, շատ ուրախ է, տրամադրությունն էլ շատ լավ է, հիմա ավելի լավատես է, արդեն ուրիշ հայացքով է կյանքին նայում, որ գիտի գնալու է, բուժվելու է, լավանալու է»:
Նշենք, որ չորս տարի առաջ հայկական բանակում պարտքը կատարելիս, հակառակորդի գնդակից հրազենային վնասվածքի պատճառով Գևորգը հրաշքով է փրկվել և մինչ օրս գամված է անկողնուն: Լիովին վերականգնվելու համար Գևորգին անհրաժեշտ էր թանկարժեք վիրահատություն, իսկ դրա իրականացման համար անհրաժեշտ էր 56 հազար դոլար:
Կազմակերպված դրամահավաքին մասնակցեցին բազմաթիվ քաղաքացիներ՝ հավաքելով 43 հազար դոլար, մնացած գումարն էլ տրամադրեցին կառավարության անդամները:
«Անկեղծ ասած մտածում էի երկար ժամանակ կպահանջվի գումարը հավաքելու համար, սակայն 45 օրում 56 հազար դոլարի փոխարեն 63 հազար դոլար հավաքվեց: Մեր հայ ազգը հայրենիքում և սփյուռքում միավորվեց և մի մարդու պես օգնեց Գևորգին՝ մեկ անգամ ևս ապացուցելով մեր ազգի կամքի,միասնության, սիրո, այն սիրո, որ ունենք մեր սրտերում և տածում ենք միմյանց նկատմամբ ամրապնդված առ Աստված հավատով: Շնորհակալ եմ նաև Հ.Հ կառավարության աջակցության համար: Կառավարությունը բացի փոխանցումներից տրամադրեց նաև 1 միլիոն դրամ ճանապարհածախսի համար»,-«Օգնե՛նք Գևորգ Եղիազարյանին» ֆեյսբուքյան խմբում գրել են Գևորգի հարազատները:
Նախորդող հրապարակումներ՝
Չեմ կարծում՝ Հայաստանում կլինի որևէ անձնավորություն, ով դրական չվերաբերվի նման նախաձեռնությանը. Էդմոն Մարուքյան
Գևորգ Եղիազարյանի վիճակը կայունանալուն պես կմեկնեն Գերմանիա
Վարչապետն ու կառավարության անդամները կաջակցեն դիրքերում վիրավորված զինծառայողին
Չեմ կարծում՝ Հայաստանում կլինի որևէ անձնավորություն, ով դրական չվերաբերվի նման նախաձեռնությանը. Էդմոն Մարուքյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները