«Մեր ապագան կառուցելու ենք հիմնվելով ձեզ վրա». վարչապետը՝ շրջանավարտներին
Հայաստանի հանրակրթական դպրոցներում այսօր հնչում է ավարտական վերջին զանգը: Այդ առիթով վարչապետ Հովիկ Աբրահամյանը Երևանի թիվ 112 փորձարարական ավագ դպրոցում մասնակցել է «Վերջին զանգ» միջոցառմանը:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ վարչապետը շնորհավորել է շրջանավարտներին դպրոցն ավարտելու առթիվ, մաղթել հաջողություններ և կանաչ ճանապարհ:
Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել բոլոր ծնողներին ու մանկավարժներին՝ նման զարգացած սերունդ դաստիարակելու և կրթելու համար: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի ապագա սերունդներն ստանան որակյալ կրթություն, քանի որ նրանք են մեր պետության հիմնասյունը և զարգացման գրավականը: Կառավարության ղեկավարը կարևորել է կրթական համակարգում շարունակական բարեփոխումները, քանի որ մեր երկրի հաջողության գրավականը կրթված և ապագային միտված սերունդ ունենալն է:
«Մենք մեր ապագան կառուցելու ենք հիմնվելով ձեզ վրա, վստահ եմ, որ միասին ունենալու ենք բազմաթիվ հաջողություններ ու հաղթանակներ»,- նշել է վարչապետը:
Միաժամանակ, Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ չնայած տարբեր խնդիրներին ու դժվարություններին՝ կառավարությունը ջանքեր չի խնայելու մեր երկրի տնտեսությունը զարգացնելու և ժողովրդի համար բարեկեցիկ կյանք ապահովելու համար: