«Մարդիկ այսօր հայտարարում են իրենց ով լինելը». Սփյուռքի նախարարը՝ ծպտյալ հայերի մասին
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները կարելի է բաժանել վեց խմբի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ ամփոփելով նախարարության կողմից 2014թ. մայիսից մինչև 2015թ. մայիսը իրականացված աշխատանքները՝ դրանց մեջ առանձնացնելով Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված աշխատանքները:
Այդ խմբի մեջ նախարարը թվարկեց քաղաքական միջոցառումները՝ ընդունված բանաձևերը, հիշատակի միջոցառումները, քարոզչական աշխատանքները, գիտական հետազոտական աշխատանքները, հրատարակչական գործունությունը, համայնքային ծրագրերը, մշակութային ձեռնարկները, երախտագիտության երեկոները, ինչպես նաև եկեղեցական հարցերը:
«Չգտնվեց որևէ հեղինակավոր մամուլ, որ չանդրադարձավ Ցեղասպանության հարցին, իսկ մեդիա ֆորումից հետո ավելի շատ ակտիվացան անդրադարձերը Հայոց ցեղասպանության հարցին»,-ընդգծեց նախարարը:
Հ. Հակոբյանը նկատեց, որ բոլոր հեղինակավոր համալսարաններում, որոշ երկրների պառլամենտներում կազմակերպվեցին գիտական համաժողովներ, այդ թվում նաև Թուրքիայի համալսարաններում:
«49 երկրներում ստեղծվեցին 61 տարածաշրջանային հանձնախմբեր, որոնց մենք մշակեցինք և ուղարկեցին համապատասխան երաշխավորություններ՝ տարբեր կարգի ծրագրերի և առաջարկների իրականացման առումով»,-հայտնեց նախարարը:
Այս համատեքսում Հրանուշ Հակոբյանը շատ կարևորեց նաև իսլամացած հայերի խնդիրները՝ նշելով, որ 2,5-3 միլիոն ծպտյալ կամ իսլամացած հայեր կան այսօր:
«Թվարկված միջոցառումները կարևոր նշանակություն ունեցան այն առումով, որ այդ մարդիկ այսօր հայտարարում են իրենց ով լինելը: Թուրքիայում այսօր ինքնության ճգնաժամ է, որովհետև հայն ասում է, որ ես հայ եմ, հրեան ասում է՝ հրեա է, հույնը՝ հույնը: Այսինքն՝ մարդիկ վերադառնում են իրենց արմատներին»:
Այս միջոցառումների շարքում նախարարն առանձնացրեց նաև Վիգեն Քոչարյանի հետազոտությունը՝ «Հայոց ցեղասպանությունը՝ միջազգային փաստաթղթերում» և նշեց, որ նախատեսել են այն թարգմանել անգլերեն, նաև իրականացրել են հայկական կտակների մասին ուսումնասիրություններ, Վուլդրո Վիլսոնի իրավարար վճիռը տպագրել են հայերեն և անգլերեն: