Այն, ինչ կատարվում է պառլամենտում երբեմն, կարելի է նույնը տեսնել նաև փողոցում. Ռուբեն Հակոբյան
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ ԱԺ Հանրապետական պատգամավոր Սեյրան Սարոյանի պահվածքից հետո «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը մտադիր է պառլամենտական էթիկայի վերաբերյալ խորհրդարանական լսումներ անցկացնելու առաջարկ ներկայացնել:
«Ես դատապարտում եմ որևէ մեկի հակապառլամենտական պահվածքը», -այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց Հակոբյանը:
Հարցին, թե պատրաստվո՞ւմ է արդյոք «Ժառանգությունը» այդ հարցով դիմել ԱԺ Էթիկայի հանձնաժողով, Հակոբյանն ասաց, որ Էթիկայի հանձնաժողովը իր գործունեության ընթացքում որևէ դրական արդյունք չի տվել ու հավելեց. «Եթե պատգամավորը (Զարուհի Փոստանջյանը) նպատակահարմար գտնի դիմել, թող դիմի: Բայց չեմ կարծում, որ դա որևէ նշանակություն կունենա»:
Նշենք, որ Սեդրակ Սարոյանը վրդովվել էր, որ Զարուհի Փոստանջյանը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գործունեության վերաբերյալ քննադատական ելույթներ էր ունեցել և մի քանի վիրավորական արտահայտություններ էր արել:
«Շատերը չեն գիտակցում, որ պառլամենտը պառլամենտական բառապաշարով ապրող օրգանիզմ է և որ փողոցային բառապաշարով չպետք է մտնել պառլամենտ: Այստեղ մենք իսկապես անելիք ունենք, որովհետև ի վերջո, այն ինչ կատարվում է պառլամենտում, անընդունելի է: Այն, ինչ կատարվում է պառլամենտում երբեմն, կարելի է նույնը տեսնել նաև փողոցում», -հավելեց Ռուբեն Հակոբյանը:
Հարակից հրապարակում`
Էթիկայի հանձնաժողով դիմելը ինքնանպատակ չպետք է լինի. Արփինե Հովհաննիսյան