«Մեր ուսուցիչների շնորհիվ մենք պատրաստ ենք նոր կյանք մուտք գործելուն». Հրաժեշտ դպրոցին
Այսօր դպրոցական զանգը վերջին անգամ կհնչի Հայաստանի 25 հազար աշակերտի համար: Շնորհակալական և հրաժեշտի խոսքեր, գրկախառնություններ և արցունքոտ աչքեր..
Իհարկե, դժվար է երկրորդ տունը դարձած հարազատ դպրոցին, ուսուցիչներին հրաժեշտ տալը: Իհարկե, դժվար է համակերպվել այն մտքին, որ մուտք ես գործում նոր կյանք, որն ավելի դժվարին է լինելու, պահանջելու է զգոնություն, պատասխանատվության:
«Իհարկե, տխուր ենք, որ այսօր վերջին անգամ ենք մուտք գործելու դպրոց որպես աշակերտներ: Բայց ամեն ինչ իր ժամանակն ունի: Այսօր հենց այդ ժամանակն է, որ պետք է հրաժեշտ տանք դպրոցին: Իհարկե, չենք կարող ասել, որ դեռ լիովին ընկալում ենք դժվարությունները, որ մեզ սպասվում է, այսպես ասած, նոր կյանքում, բայց մեր ուսուցիչները մեզ կրթել, պատրաստել են այդ նոր կյանք մուտք գործելուն»,- Panorama.am-ի հետ զրույցում ասացին մի քանի շրջանավարտներ:
Շրջանավարտներին ու նրանց ծնողներին կոչով, հորդորով, խնդրանով դիմել է ոստիկանությունը. «Ոստիկանությունը կոչ է անում հատկապես շրջանավարտներին՝ ձեռնպահ մնացեք մեքենա վարելու գայթակղությունից, հասարակական վայրերում եղեք զուսպ ու հարգալից միմյանց և համաքաղաքացիների հանդեպ, ուրախացեք բարեկիրթ ու անվտանգ, ոգելից խմիչք մի օգտագործեք, տոնական հրավառություն կազմակերպեք միայն օրենքով սահմանված ժամերին և պահպանելով անվտանգության կանոնները, անվերապահորեն կատարեք ծառայություն իրականացնող ոստիկանների օրինական պահանջները:
Ծնողներին հորդորում ենք տրանսպորտային միջոցներ չտրամադրել անչափահասներին: Անհրաժեշտության դեպքում անձամբ վարեք մեքենան, ուսուցիչների հետ ընկերակցեք երեխաներին զանգվածային միջոցառումների ժամանակ. ձեր ներկայությունը կբացառի պատանեկան արկածախնդրության անցանկալի հետևանքները:
Տոնական օրվա առավոտից ոստիկանության ստորաբաժանումները ուժեղացված ծառայություն են իրականացնելու հանդիսությունների ու զանգվածային միջոցառումների վայրերում: Ոստիկանությունն անելու է ամեն ինչ՝ հասարակական կարգն ու քաղաքացիների անվտանգությունը ապահովելու համար, և դուք հարկ եղած դեպքում կարող եք դիմել վերակարգերին և ստանալ նրանց օգնությունը:
Այս օրերին ևս հանուն մեր երեխաների անվտանգության ոստիկանությունը դրսևորելու է օրինաչափ խստություն, անհրաժեշտ պահանջկոտություն և անհանդուրժողականություն հասարակական կարգի ցանկացած խախտման հանդեպ՝ ակնկալելով շրջանավարտների, ծնողների, մանկավարժների, ողջ հասարակության միասնությունը, ըմբռնումն ու աջակցությունը»: