«Ավելի շատ լսում են թշնամու կրակոցի ձայնը, քան երաժշտություն». Սահմանապահ համայնքների աշակերտները Երևանում են
Տավուշի, Արարատի, Գեղարքունիքի մարզերի սահմանապահ համայնքների միջին դասարաններում սովորող ավելի քան 300 աշակերտ այսօր Երևանում են: Շատերի համար սա առաջին այցելությունն է մայրաքաղաք: Աշակերտներն այստեղ են մշակույթի նախարարության «Մշակութային կազմակերպություն-դպրոց» աբոնեմենտային համակարգի ներդրման ծրագրի շրջանակում:
Panorama.am-ի հետ զրույցում մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանն ասաց, որ ծրագրի շահառուները սահմանապահ համայնքների երեխաներն են. «Նպատակն է՝ երեխաների համար կազմակերպել այցելություններ մշակութային հաստատություններ: Այցի ընթացքում նրանք անպայման պետք է լինեն մեկ թանգարանում, ներկա լինեն մեկ համերգային ծրագրի ու մեկ ներկայացման»:
Ծրագրի շրջանակում, որը շարունակվելու է մինչև տարվա վերջ, ՀՀ Սյունիքի, Տավուշի, Արարատի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի մարզերի 74 սահմանապահ համայնքների 49 դպրոցների միջին դասարաններում սովորող շուրջ 2700 աշակերտներ կհյուրընկալվեն Երևանում:
Երեխաներն այսօր այցելել են Կոմիտասի անվան պանեթեոն, եղել Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում: Նրանք Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում դիտելու են «Անուշ» օպերան:
«Համոզված եմ, որ շատ լավ տպավորություններով ենք վերադառնալու»,-ասաց Արարատի մարզի Պարույր Սևակի գյուղի դպրոցի 5-րդ դասարանի մի աշակերտուհի:
Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներն էլ նշեցին, որ շատ են ոգևորվել, երբ իմացել են գալու են մայրաքաղաք:
Նրանցից մեկը նաև պատմեց, թե ինչպես են իրենց առօրյան անցկացնում. «Դպոցից հետո վերադառնում եմ տուն, հաց եմ ուտում, մի քիչ հանգստանում եմ, գնում եմ սպորտի, հետո գալիս դասերս սովորում»:
Դպրոցականը նշեց, որ իրենց համար արդեն սովորական է դարձել թշնամու կողմից պարեբաբար հնչող կրակոցները:
Panorama.am-ի հետ զրույցում Այգեհովիտի դպրոցի ուսուցչուհի Լիլիթ Գևորգյանն այլ բան ասաց. «Իհարկե, կրակոցներից վախենում ենք, երեխաները սթրես են տանում ամեն մի կրակոցից հետո: Ավելի շատ լսում են թշնամու կրակոցի ձայնը, քան երաժշտություն: Ապրում են ահուսարսափի մթնոլորտում: Հունվարից հետո իրավիճակը մի քիչ հանդարտվել է»:
Նա նաև ասաց, որ այսօր դպրոցը 350 աշակերտ ունի. «Աշակերտների թիվը տարեցտարի նվազում է, որը պայմանավորված է սոցիալ-տնտեսական վիճակով ու նաև պատերազմական վիճակով»:
Նրա խոսքով, գյուղում կա երաժշտական դպրոց, մարզական խմբակներ, ուր երեխաները սիրով այցելում են: Նա համոզված է, որ երեխաները բուռն տպավորություններով կհեռանան Երևանից:
Երեխաներին ողջունելու էր եկել վարչապետ Հովիկ Աբրահամյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Վարչապետն իր խոսքում ասաց, որ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում սահմանապահ համայնքների զարգացմանը, ամեն ինչ անում են երեխաների, ապագա սերունդի զարգացման համար, որպեսզի լավ գիտելիքներ ստանան:
Աշակերտները հարցեր ուղղեցին վարչապետին:
Ի՞նչ հեքիաթներ եք սիրում կարդալ հարցին ի պատասխան, Հ. Աբրահամյանն ասաց, որ Հովհաննես Թումանյանի, և կիրակի օրերին հնարավորություն դեպքում անպայման իր թոռնիկների համար ընթերցում է հեքիաթներ:
Հարցին, թե առաջին անգամ գալով Երևան, ի՞նչ զգացողություններ եք ունեցել, վարչապետն ասաց, որ 12-13 տարեկանում է առաջին անգամ եկել մայրաքաղաք, էքսկուրսիա էին բերել. «Մի դեպք պատահեց այդ օրը. այգիներից մեկում ճոճանակ էինք նստել: Ես ժամանակից շուտ իջա, ոտքիս հարված ստացա, առաջացավ փոքրիկ վերք: Տպավորվել է այդ օրը և, ընդհանարապես. առաջին այցելությունս Երևան: Հիշարժան օր էր: Համոզված եմ, որ ձեր հիշողության մեջ էլ մշտապես կմնա այս այեցությունը մայրաքաղաք Երևան»:
«Մշակութային կազմակերպություն-դպրոց» աբոնեմենտային համակարգի ներդրման ծրագիրը Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ մշակվել է ՀՀ մշակույթի նախարարության կողմից և ներառվել է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրում: Ծրագրի նպատակը ժամանակակից կրթական համակարգի բովանդակային արդյունավետության բարձրացումն է, որտեղ տեսական գիտելիքների մատուցումը կհամատեղվի գործնական ու առարկայական մշակութային գիտելիքների հետ՝ կարևորելով երեխաների հոգևոր-մշակութային դաստիարակությունը՝ ապագա քաղաքացու ձևավորման գործում: Ծրագիրը կիրականացվի ՀՀ մարզերի հանրակրթական դպրոցների երեխաների համար` մարզերում մշակութային կազմակերպությունների հյուրախաղերի և Երևանում մշակութային միջացառումների կազմակերպմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները