Քիմիայի, բնագիտական մասնագիտությունների գծով բաժիններում որևէ շրջանավարտ դեռ չի դիմել
Երևանի պետական համալսարանի 53 մասնագիտությունների գծով այս պահի դրությամբ կա ընդամենը 1900 դիմորդ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի պետական համալսարանի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանը:
Նրա խոսքերով՝ առկա են 344 անվճար և 3046 վճարովի տեղեր:
Վ.Գալստյանը հիշեցրեց, որ դիմորդների փաստաթղթերի ընդունելությունն ընթանում է երկու փուլով. առաջինն սկսվել է մայիսի 5-ից և կավարտվի հունիսի 1-ին, երկրորդ փուլը կմեկնարկի հունիսի 25-ին և կավարտվի հուլիսի 2-ին: Այդ փուլում կընդունվեն արտասահմանցի դիմորդների, զինծառայությունն ավարտած և բուհ ընդունվելու ցանկություն ունեցող երիտասարդների, ինչպես նաև միջին մասնագիտական կրթություն ունեցողների փաստաթղթերը:
Վ.Գալստյանն ասաց, որ որոշ մասնագիտությունների գծով կան բավականաչափ դիմորդներ, սակայն կան մասնագիտություններ, որտեղ դիմորդների թիվը բավականին ցածր է: Պահանջարկ չունեցողների թվում են ինֆորմատիկա, ֆիզիկա, ռադիոֆիզիկա, կիրառական մաթեմատիկա, քիմիա, դեղագիտություն, արվեստաբանություն, լեզվաբանություն՝ ռուսերեն, թարգմանչական գործ, իրանագիտություն և եկեղեցաբանություն մասնագիտությունները: Պահանջարկ ունեցող մասնագիտություններն են իրավագիտություն, լրագրություն, կառավարում, միջազգային հարաբերություններ, հանրային կառավարում և անգլերեն լեզու մասնագիտությունները:
Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Արտաշես Մարտիրոսյանն էլ նշեց, որ այս տարի բավականին լավ են պատրաստվել դիմումների ընդունման գործընթացին և նորամուծություններ են կատարվել ընդունող հանձնաժողովում:
«Այս տարի առաջին անգամ դիմում հայտեր ընդունողները մեր մագիստրոսներն են»,-ասաց նա:
Նրա խոսքերով՝ այս պահին 52 մասնագիտությունների գծով ունեն 744 դիմում հայտ: Առավել պահանջված են կենսաբանություն, մաթեմատիկա, հայոց լեզու և գրականություն, ռուսաց լեզու և գրականություն, սոցիալական մանկավարժություն, լրագրություն մասնագիտությունները:
«Վիճակը վատ է քիմիայի, բնագիտական մասնագիտությունների գծով: Այս բաժիններ որևէ շրջանավարտ առայժմ չի դիմել»,- նշեց Ա.Մարտիրոսյանը:
Վաչագան Գալստյանն էլ նկատեց, որ հաշվի առնելով որոշ ֆակուլտետների դիմելիության ցածր լինելը հեշտացրել են ընդունելությունը՝ մասնավորապես կենսաբանության, հոգեբանության, կենսաքիմիա մասնագիտություններում:
Անդրադառնալով մի քանի բուհերի՝ Երևանից Գյումրի տեղափոխելու հարցին, երկու բանախոսներն էլ կողմ արտահայտվեցին: Վ. Գալստյանն ասաց, որ եթե Գյումրին դատարկվում է, ապա պետական ճիշտ քաղաքականություն է՝ բուհերը տեղափոխել այնտեղ: Ա.Մարտիրոսյանն էլ նկատեց, որ պատրաստ է դասավանդել Գյումրիում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա