Ա. Մուրադյան. Բնակչությանը որակյալ դեղերով ապահովելու հարցում մեր մոտեցումները խիստ են լինելու
Բնակչությանը որակյալ, անվտանգ և մատչելի դեղերով ապահովման առումով մեր մոտեցումները խիստ են լինելու: Այս մասին հայտարարել է Արմեն Մուրադյանը՝ դեղ ներկրող, արտադրող խոշոր ընկերությունների, ինչպես նաև օտարերկրյա դեղագործական ընկերությունների հայաստանյան ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպմանը:
ԱՆ առողջապահության նախարարության հասարկայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, անդրադարձ է կատարվել նաև փետրվարից մինչև այժմ անցած ժամանակաշրջանում օտարերկրյա դեղագործական ընկերությունների հայաստանյան ներկայացուցչությունների կողմից նախարարի հորդորով դեղերի գների կանոնակարգման հարցին։
Արմեն Մուրադյանը կարևորել է հատկապես առավել շատ օգտագործվող, սրտանոթային դեղամիջոցների, հակաբիոտիկների գների իջեցումը։ Նշվել է, որ մի քանի օրից առավել նկատելի կլինեն հատկապես «Bayer»կազմակերպության կողմից վերանայված գները։ Հիշեցնենք, որ մի քանի կազմակերպություններ իջեցրել են մի խումբ դեղերի գները:
«Մենք շարունակելու ենք բարենպաստ պայմաններ ստեղծել, որպեսզի խոշոր ներկայացուցչությունները որակյալ դեղերը մատչելի գներով ներկրեն Հայաստան»,- ընդգծել է առողջապահության նախարարը` կարևորելով նաև տեղական արտադրության խրախուսումը:
Հանդիպման մասնակիցներին տեղեկատվություն է տրվել հուլիսի 1-ին Երևանում մեկնարկվող Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարի մասին։
Համագումարի համանախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ առաջիկա համագումարին կկազմակերպվի 14 սաթելիտային սիմպոզիում և մեկ կլոր սեղան, ինչը հնարավորություն կտա Հայաստանի մարզերի և Լեռնային Ղարաբաղի ևս 1500 բժիշկների և բուժքույրերի մասնակից լինել աշխարհի տարբեր երկրներից ժամանած հայ հանրաճանաչ մասնագետների դասախոսություններին, ծանոթանալ իրենց ոլորտում աշխարհի նորագույն մոտեցումներին։
Արմեն Մուրադյանը հավելել է, որ այս տարի Հայաստանի բուժաշխատողի օրը կնշվի համագումարի շրջանակում` մասնակից դարձնելով հայրենիքում գտնվող սփյուռքահայ մեծաթիվ բժիշկներին։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա