«ԵՄ-ն տնտեսական շահը չխառնեց քաղաքական կողմորոշման հետ»
Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կայացած «Արևելյան գործընկերության» 4-րդ գագաթաժողովի շրջանակերում ԼՂ հակամարտության վերաբերյալ ձևակերպումների պատճառով ադրբեջանական պատվիրակությունը հրաժարվել էր ստորագրել գագաթաժողովի եզրափակիչ հռչակագիրը: Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը լքել էր նիստի դահլիճը և միայն Եվրոպացի դիվանագետների ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած հեռախոսային բանակցություններից հետո, Բաքուն ի վերջո համաձայնել էր ստորագրել հայտարարությունը` կից ներկայացնելով իր վերապահումները։ Պաշտոնական Բաքվի նման վարքագիծի, ինչպես նաև հետագա զարգացումների վերաբերյալ «panorama.am»-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի հետ:
-Պրն. Մինասյան, ինչպե՞ս կգնահատեք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի արդյունքները:
-Ռիգայի գագաթաժողովի արդյունքները Հայաստանի համար կարևոր են մի քանի տեսանկյունից: Դրանցից մեկը, անկասկած, ԼՂ հիմնախնդրի հետ կապված ձևակերպումներն էին, որ տեղ էին գտել գագաթաժողովի եզրափակիչ փաստաթղթում: Այս առումով, չափազանց կարևոր է այն իրողությունը, որ փաստաթղթում առկա ձևակերպումները համահունչ են այն մոտեցմանը, որ տարիներ շարունակ որդեգրել է միջազգային հանրությունը և հայկական կողմը: Այդ ձևակերպումների հետ կապված Ադրբեջանի իշխանությունները, հանձինս երկրի արտգործնախարարի, կտրուկ անհամաձայնություն են հայտնել, այն աստիճանի, որ Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովը նույնիսկ դուրս է եկել նիստերի դահլիճից և միայն Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել, որ Ադրբեջանը իր ստորագրությունը դնի եզրափակիչ փաստաթղթի տակ և միայն հետո կներկայացնի իր վերապահումները: Այս վերապահումները բնականաբար վերաբերում էին ԼՂ հիմնահարցի վերաբերյալ փաստաթղթում առկա ձևակերպումներին:
-Ձեր կարծիքով, որո՞նք են պաշտոնական Բաքվի նման արձագանքի դրդապատճառները:
-Չափազանց կարևոր է, որ հետխորհրդային տարածքում առկա հակամարտությունների շարքում ԼՂ հիմնահարցը միակ առանձնացված խնդիրն է: Եզրափակիչ ակտում, ըստ էության, արձանագրվում է տարածքային ամբողջականության պահպանումը: ԵՄ ներկայացուցիչները հստակ արտահայտել են իրենց տեսակետն առ այն, որ, «Արևելյան գործընկության» ծրագրի մասնակից երկրների տարածքային ամբողջականության հետ կապված իրենք ունեն շահագրգիռ վերաբերմունք:Այս առումով բացառություն էր կազմում միայն Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը: Փաստաթողթում հստակ նշվում է, որ այս հիմնահարցի լուծումը պետք է ընթանա ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների և այդ երկրների ղեկավարների` 2009 թ.-ից հետո արված հայտարարությունների հիմքի վրա: Խնդրին այն է, որ Ադրբեջանը պնդում էր, որ փաստաթղթում զետեղվի այն միտքը, որ ԼՂ հիմնահարցի լուծումների համար պետք է հիմք ծառայեն ՄԱԿ ԱԽ-ի չորս հայտնի բանաձևերը: Բաքվի այս առաջարկը, ըստ էության, մերժվել է: Իմ խորին համոզմամբ սա չափազանց կարևոր իրողություն է: Ադրբեջանի` փաստաթուղթը ստորագելուց հրաժարվելու դեմարշը հենց այս ամենի հետ էր կապված: Փաստորեն «Արևելյան գործընկերության» գագաթաժողովը որդեգրել է վերջին մի քանի տարիների ընթացքում միջազգային հանրության և համանախագահ երկրների ղեկավարների կողմից հնչեցված տեսակետը: Սա, իմ խորին համոզմամբ, լրջագույն ձեռքբերում է և հաստատում է այն իրողությունը, որ վերջին շրջանում հայկական կողմի մոտեցումները ավելի ու ավելի ընկալելի են դառնում միջազգային հանրություն համար: Մյուս կողմից` սա մեր կողմից անցած ճանապարհի արդյունավետության ապացույցն է:
-Ադրբեջանի համար անկանկա՞լ էր դեպքերի նման զարգացումը:
-Իհարկե: Եվրոպական երկրների կողմից, այսպես կոչված, հարավային գազային միջանցքի նկատմամբ առկա է լրջագույն հետաքրքրություն: Այս ճանապարհով ադրբեջանական և թուրքմենական գազը պետք է մատակարարվի ԵՄ անդամ երկրներին`թուլացվելով ռուսական կազից կախվածությունը: «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի ավարտական հռչակագրում այս ծրագրին սատարելու վերաբերյալ առկա է հատուկ անդրադարձ: Բաքվում, ըստ ամենայնի, կարծում էին, որ եթե իրենք գազային շանտաժի ենթարկեն ԵՄ արդամ երկրներին, ապա ԵՄ-ի համար «ընդունելի» կլինի նաև ԼՂ հիմնահարցի հետ կապված ադրբեջանական տեսակետը: Սակայն, ի հեճուկս Ադրբեջանի նկրտումների, ԵՄ անդամ երկրները հավատարիմ մնացին իրենց սկզբունքներին`չխառնելով տնտեսական շահը քաղաքական կողմնորոշման հետ, ինչը միայն կարելի է ողջունել:
Կարծում եմ, որ սա մեր հետևողական աշխատանքի հերթական մեծ դրսևորումն է, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ տնտեսական շահերը այսուհետ հեռու կմնան քաղաքական որոշումներից: Սա իր հերթին կարող է նպաստավոր պայմաններ սեղծել ԼՂ հիմնահարցի վերջնական լուծման համար:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում