Քաղաքագետ. Հայաստանի երկու տարվա աշխատանքը տվեց իր արդյունքը
Հայաստանի երկու տարվա աշխատանքը՝ սկսած Վիլնյուսի գագաթաժողովից, բերեց նրան, որ արդեն պաշտոնական մակարդակով Եվրամիությունը պատրաստակամություն է հայտնում բանակցություններ սկսել Հայաստանի հետ՝ հենվելով բացառապես երկկողմանի հարաբերությունների վրա, որը ենթադրում է ոչ միայն Ասոցացման պայմանագրի քաղաքական մաս, այլ նաև տնտեսական համագործակցության հեռանկարներ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ ամփոփելով Ռիգայում կայացած ԵՄ Արեւելյան գործընկերության 4-րդ գագաթաժողովի արդյունքները:
«Խոսվում է տնտեսական այնպիսի մեխանիզմի մշակման մասին, որը չի հակասի Հայաստանի կողմից Եվրասիական տնտեսական միության շրջանակում ստանձնած պարտավորություններին, բացի այդ փաստաթուղթը կդառնա յուրատեսակ պատուհան ԵՏՄ-ի և Եվրամիության միջև՝ տնտեսական, քաղաքական համագործակցություն բացելու տեսակետից»,- ասաց նա:
Քաղաքագետի խոսքով, Հայաստանին հաջողվել է ապացուցել, հասկանալի դարձնել իր դիրքորոշման պրագմատիզմը, Հայաստանի ընտրությունը Եվրամիության համար հասկանալի դարձրեց:
«Թե ԵՏՄ-ն, թե ԵՄ-ն հասկանում են, որ անհրաժեշտ է հարթակ՝ քաղաքական, տնտեսական շփումներ ապահովելու համար, և Հայաստանը հայտ է ներկայացնում լինելու այդ հարթակը երկու միությունների միջև»,- ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Նախորդող հրապարակում՝
Ռիգայի հռչակագիր. «Ողջունում ենք ԵՄ և Հայաստանի միջև ձեռք բերված լիարժեք փոխըմբռնումը» (հատված)