The Guardian. Այս տարի Եվրատեսիլում հաղթելու է Հայաստանը
Բրիտանական հեղինակավոր «The Guardian» պարբերականն անդրադարձել է այս տարվա Եվրատեսիլ ամենամյա երգի մրցույթին և փորձել գուշակել մրցույթի արդյունքները` եզրափակչից առաջ:
Պարբերականը վերլուծության հիմքում դնում է սեփական մեթոդաբանությունը, որը հիմնվում է վերջին 12 տարիների ընթացքում Եվրատեսիլում տարբեր երկրների ստացած միջին միավորների վրա: Այդ միավորները վերջում համաձայնեցվում են տվյալ պահին առկա աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիայի հետ, որն, ինչպես հայտնի է, միշտ ազդում է եվրոպական այս երգի մրցույթում տեղի ունեցող քվեարկության ընթացքի վրա:
Ըստ հոդվածագրի` շատերը թերահավատությամբ են վերաբերում այս մոտեցմանը, սակայն իրենք նախորդ տարիներին ևս կատարել են մրցույթի արդյունքների կանխատեսում` կիրառելով նույն մեթոդաբանությունը, և արդյունքները հեռու չեն եղել իրականությունից:
Այսպես` 2011թ-ին մրցույթի հաղթող Ադրբեջանի երգը եղել է «The Guardian»-ի ֆավորիտների եռյակում, իսկ 2013թ-ին պարբերականը կանխատեսել է Ադրբեջանի հաղթանակը, սակայն այն գրավել է 2-րդ հորիզոնականը` զիջելով Դանիայի ներկայացուցչին:
Վերջին 2 տարիների ընթացքում բրիտանական պարբերականը կատարելագործել է մրցույթի հաղթողին գուշակելու համար կիրառվող հաշվարկային մեթոդաբանւթյունը և համոզմունք է հայտնում, որ այս անգամ իրենց կանխատեսումները չեն կարող չիրականանալ: Իսկ այս տարվա Եվրատեսիլ մրցույթի հաղթող երկիրը, ինչպես հավաստիացնում է բրիտանական պարբերականի հոդվածագիրը, լինելու է Հայաստանը` ի դեմս «Geneology» խմբի, որն այսօր` մրցույթի եզրափակչում, կատարելու է «Face the shadow» երգը` նվիրված նախորդ դարասկզբին Օսմանյան Կայսրությունում 1,5 միլիոն հայերի կոտորածին:
Պարբերականը ներկայացնում է այն երկրների 10-յակը, որոնք ամենաբարձր միավորները կհավաքեն այս տարվա Եվրատեսիլ մրցույթում: Պատկերը հետևյալն է.
1. Հայաստան
2. Սերբիա
3. Շվեդիա
4. Ադրբեջան
5. Հունաստան
6. Ռուսաստան
7. Հունգարիա
8. Բելգիա
9. Վրաստան
10. Նորվեգիա
Ըստ հոդվածագրի` Հայաստանը քվեարկության ժամանակ նախապատվությունը տալու է Չեխիայի ներկայացուցչին, իսկ մեր ներկայացուցիչներին առավելագույն ձայներ սպասվելու են Ֆրանսիայից և Մոնտենեգրոյից: