ՄԱԿ Անվտանգության խորհուրդը դատապարտել է ԻԼԻՊ-ի գործողությունները Պալմիրայում
Մայիսի 22-ին ՄԱԿ Անվտանգության խորհուրդը Սիրիայի Պալմիրա քաղաքում «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» ահաբեկիչների գործողությունները դատապարտող հայտարարություն է ընդունել, տեղեկացնում է Lenta.ru-ն:
«Անվտանգության խորհրդի անդամները լրջորեն դատապարտել են Սիրիայում ԻԼԻՊ-ի բարբարոսական գործողությունները, ներառյալ Պալմիրայի գրավումը: ԱԽ անդամները խիստ անհանգստացած են Պալմիրայի հազարավոր բնակիչների, ինչպես նաև ԻԼԻՊ-ի առաջխաղացման պատճառով տեղահանված մարդկանց համար»,- նշված է հայտարարությունում:
Անվտանգության խորհուրդն ընդգծել է, որ խաղաղ բնակչության պաշտպանության պատասխանատվությունն ընկնում է Սիրիայի իշխանությունների վրա և կոչ է արել ապահովել «բռնությունից փախչող խաղաղ բնակիչների անվտանգ ելքը»:
Հիշեցնենք, որ ԻԼԻՊ-ը մեկշաբաթյա ծանր մարտերից հետո ի վերջո գրավեց Սիրիայի հնագույն Պամիրա քաղաքը` մուտք գործելով քաղաքի արժեքավոր ավերակներ: Քաղաքն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի վտանգի տակ հայտնված համաշխարհային ժառանգության ցանկում: