Բուհերը կենդանի օրգանիզմն են, և ոչ ոք չի կարող այն մի տեղից մյուսը տեղափոխել. Արմեն Աշոտյան
«Երևանից Գյումրի որևէ բուհ տեղափոխելու կոնկրետ նախագիծ այսօր չկա»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Ըստ նրա՝ իր համար անհասկանալի է, որ ԶԼՄ-ներով սկսել են բուռն քննարկել ոչ ոլորտային նախարարության կոլեգիայի նիստում մասնագետներից մեկի կարծիքը, մինչդեռ որևէ մեկի մտքով չի անցել հարցնել ԿԳ նախարարության կարծիքը:
Ա.Աշոտյանի խոսքերով՝ բուհերը շենքեր չեն, որ ուր ուզեն` տեղափոխեն. «Բուհերը կենդանի օրգանիզմն են, և ոչ ոք չի կարող այն մի տեղից մյուսը տեղափոխել: Այո, մենք քանի տարի է քննարկում ենք բուհական համակարգի կառուցվածքային արդիականացման հարցը, այդ թվում՝ Գյումրիին լրացուցիչ կրթական ծանրաբեռնվածություն տալու, բուհերի խոշորացման միջոցով: Բայց հիմա ասել, թե նման բան կա ու դա դարձնել քննարկման թեմա՝ առանց լիազոր մարմնի կարծիքը հարցնելու, անհասկանալի է»:
Նա միաժամանակ նշեց, որ օրինակ՝ Աբովյանում խորհրդային տարիներից մնացած շենքեր, տարածքներ կան, որտեղ տեսականորեն հնարավոր է մեկ-երկու բուհ տեղափոխել: Սակայն այդ առաջարկությունները, ըստ նախարարի, չի կարելի քննարկել՝ կոնտեքստից որևէ գործոն կտրելով. «Անգամ ամենափոքր բուհը տեղափոխելու համար լուրջ խնդիրներ կարող են առաջանալ: Օրակարգում միայն կրթական համակարգի արդիականացման հարցը կա, բայց չկա որևէ բուհ տեղափոխելու հարցը»:
Նախարարի խոսքերով՝ ակնհայտ է, որ Գյումրիում, Վանաձորում, նույնիսկ Երևանում որոշ բուհեր պետք է միացնել, սակայն դա այդքան էլ հեշտ գործ չէ:
Հարցին, թե նախարարությունները որտե՞ղ պետք է տեղափոխեն, Ա.Աշոտյանը կեսկատակ պատասխանեց. «Կարծում եմ, որ կարելի է մտածել ԿԳ նախարարությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին տեղափոխելու մասին՝ տանելով դեպի ակունքներ»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան