«Էլեկտրոնային հանրային կառավարում». Նոր կրթական ծրագիր` Կառավարման ակադեմիայում
Այս տարի առաջին անգամ Կառավարման ակադեմիայում նոր կրթական ծրագիր է իրականացվելու՝ «Էլեկտրոնային հանրային կառավարում» մասնագիտացմամբ: Այս մասին այսօր ՀՀ պետական կառավարման ակադեմիայում կազմակերպած Բաց դռների ժամանակ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը:
«Շատ պահանջված մասնագիտություն է՝ շուկայի արդի պահանջներին համապատասխան: Մագիստրոսական կրթական ծրագրի տևողությունը 1.5 տարի է, որի մի փուլն ընթանալու է Կառավարման ակադեմիայում, իսկ մյուսը՝ Լիտվայի Միկոլաս Ռոմերիս համալսարանում»,-տեղեկացրեց ռեկտորը:
Նա հայտնեց, որ շրջանավարտներին շնորհվելու է երկու դիպլոմ՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Լիտվայի` ՄՌՀ-ի, որը եվրոպական հավատարմագրում ունեցող դիպլոմ է և ճանաչվում է 72 երկրներում:
Անդրադառնալով մասնագիտության կարևորությանը՝ ռեկտորը նշեց, որ հանրային ծառայության բոլոր օղակներում շատ պահանջված են. «Հայաստանում ոչ մի տեղ այդ մասնագիտությամբ ուսուցում չէր իրականացվում: Այդ պատճառով էլ մենք մեկ տարի առաջ ձեռնամուխ եղանք այս կրթական ծրագրի իրականացմանը՝ մեր լիտվացի գործընկերների աջակցությամբ»:
Սրան զուգահեռ կա նաև ասպիրանտական ծրագիր՝ «Էլեկտրոնային հանրային կառավարում» մասնագիտացմամբ:
Ա. Լոքյանը հայտնեց նաև, որ ծրագրի իրականացմանն օժանդակել են ՀՀ ԿԳՆ-ն, «Նորամուծությունների հիմնադրամը»: ֆինանսական աջակցությունը եղել է հիմնադրամի կողմից՝ Համաշխարհային բանկի աջակցությամբ, որի արդյունքում էլ բավականին քանակությամբ գույք, էլեկտրոնային տեխնիկա է ձեռք բերվել, որը թույլ կտա հեռահար ձևով նույնպես կազմակերպել այս կրթությունը:
Ակադեմիայի ռեկտորը նաև ավելացրեց, որ առաջին անգամ ակադեմիայի դիմորդների համար իրականացվում է հոգեբանական թեստավորում, որպեսզի բացահայտվի նրանց անձնային հատկանիշները` լիդերնե՞ր են նրանք, թե՞ ոչ, կառավարման մասնագետներ կարո՞ղ են դառնալ, թե՞ ոչ: Թեստավորման ծառայությունը իրականացվում է հոգեբանության ամբիոնի կողմից՝ անվճար:
«Դիմորդներ կան, որ գալիս են և չգիտեն ինչ մասնագիտությամբ դիմել: Այս թեստավորումը կողմնորոշում է նրանց ապագա մասնագիտությունը ընտրելու գործում»,-ընդգծեց Ա. Լոգյանը:
ՀՀ պետական կառավարման ակադեմիայի արտաքին կապերի գծով պրոռեկտոր Թերեզա Խեչոյանն էլ հայտնեց, որ կառավարման ակադեմիայում սա թվով հինգերորդ մասնագիտությունն է:
Նա նշեց, որ դիմորդները պարտադիր պետք է հանձնեն անգլերեն լեզվի քննություն: Ուսանողների մագիստրոսական թեզերը լինելու են հայերեն և անգլերեն լեզուներով և այն պաշտպանելու են երկու՝ Լիտվայի և Հայաստանի հանձնաժողովների առջև:
«Ակնկալում ենք, որ մասնագիտության նկատմամբ հետաքրքրությունը մեծ կլինի, քանի որ այն իսկապես պահանջված մասնագիտություն է: Իսկ դիպլոմը շրջանավարտներին հնարավորություն կտա աշխատանք գտնել եվրոպական աշխատաշուկայում»,-ամփոփեց Թ. Խեչոյանը:
Նշենք, որ ՀՀ պետական կառավարման ակադեմիան կազմակերպել էր Բաց դռների օր, որի ընթացքում ակադեմիայի ամբիոնների անդամները ներկայացեցին իրենց գործունեությունը և հետբուհական ծրագրերը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա