Մենք ենք այլասերել դպրոցին օգնելու ազնիվ քաղաքականությունը. ԿԳ նախարար
Դպրոցական դրամահավաքը նորմալ երևույթ է եվրոպական կրթական հաստատություններում՝ սկսած փոքրիկ դպրոցներից վերջացրած աշխարհի առաջատար բուհերով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով դպրոցներում դրամահավաքությանը:
Ըստ նախարարի՝ ոչ մի երկրում կրթական ոլորտի ծախսերը չեն լուծվում միայն պետական բյուջեի միջոցներով: Նրա խոսքերով՝ եթե համեմատություններ անեն տարածաշրջանի և եվրոպական կրթական համակարգի հետ, ապա Հայաստանի կրթության բնագավառը պետբյուջեից ֆինանսավորվում է ավելի շատ, քան այլընտրանքային ֆինանսավորման աղբյուրներից:
Ինչ վերաբերում է դպրոցական դրամահավաքին, ապա, ըստ Ա.Աշոտյանի, դպրոցական դրամահավաքը արտոնված է և այդ որոշման մեջ հստակ ամրագրված է՝ եթե կա ծնողական կոմիտեի համապատասխան որոշում:
«Եթե կան ծնողներ, որոնք իրար հետ չեն կարողանում լեզու գտնել, համաձայնեք, որ այդ խնդրի պատասխանատուն և լուծողը նախարարությունը չէ: Մենք չենք կարող մտնել ամեն դասարան, միջծնողական հարաբերությունների մեջ: Քաղաքացիական հասարակության տարրական էլեմենտն այն է, որ քաղաքացիները կարողանան փոքր կոլեկտիվներում մշակել փոխըմբռնելի և բոլորի համար ընդունելի մոտեցումներ»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ մի ծայրահեղությունից մեկ այլ ծայրահեղություն չպետք է գնալ:
«Ծայրահեղություն էր, երբ մենք արգելեցինք դրամահավաքը և այսօր բազմաթիվ դպրոցներ կան, որտեղ երեխաներն ուզում են թանգարան, թատրոններ գնալ, բայց միշտ հայտնվում է մի ծնող, ով զանգում է նախարարության թեժ գծին և բողոքում, որ գումար են հավաքում, արդյունքում՝ բոլորը թափվում են այդ դպրոցի գլխին»,- նշեց Ա.Աշոտյանը:
Նախարարի խոսքերով՝ մեր կենցաղում բացակայում է մասնակցային ժողովրդավարության մշակույթը. օրինակ՝ մեկը ուզում է թանգարան գնալ, ապա թող գնա, մյուս չի ուզում՝ թող չգնա: Ըստ նրա՝ սխալ է մեկի պատճառով ձախողել բոլորի որոշումը:
Ա.Աշոտյանը զարմանում է, թե ինչո՞ւ խորհրդային տարիներին նման բողոքներ չէին լինում, երբ տոմս էին վաճառում, կամ ՝ փետրվարի 23-ի առթիվ բոլոր դպրոցներում զինվորների համար նվերներ էին հավաքում:
«Դա չէր դիտվում որպես դրամահավաք: Մենք ենք այլասերել մեր ընկալումների ու հրապարակումների մեջ դպրոցին օգնելու ազնիվ քաղաքականությունը, քանի որ մի կողմից հեշտ է դրամահավաքի մասին լուր տարածել, մյուս կողմից էլ իրականում կան դրևորումներ, որոնք ոչ թե դրամահավաք են, այլ՝ կաշառք, երբ դրամահավաքը վերածվում է թանկ նվերի՝ տնօրենին կամ դասղեկին: Եւ անպայման այդ նվերը պետք է լինի ոսկեղենի տեսքով: Հասկանում եք՝ որպես քաղաքացիներ մենք շատ տարբեր ենք»,- ասաց Ա.Աշոտյանը:
Ըստ նրա՝ մի ծնողն ուզում է տնօրենի աչքին լավը երևալ, մեկ ուրիշը չի կարող վճարել մյուսի ամբիցիաների գինը. «Շատ կենցաղային մակարդակի խնդիրներ են ծագում, որոնք չի կարելի բերել նախարարություն»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա