Ջանջուղազյան. ՀՀ-ում պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը դեռևս կառավարելի մակարդակում է
Որքա՞ն է կազմում ՀՀ պետական պարտքը: Այսօր ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մանուկյանն Ազգային ժողովում ընթացող «Հայաստանի ՀՀ 2014թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումների ժամանակ հարցն ուղղեց ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանին:
«Քիչ առաջ դուք ասացիք, որ ռիսկային դաշտում չէ, այսինքն հիմա ինչքա՞ն է պարտքը, և ինչքա՞ն տեղ ունենք պարտք վերցնելու, որ հայտնվենք ռիսկային դաշտում»,-հետաքրքրվեց պատգամավորը:
Պատասխանող փոխնախարարն ասաց, որ ՀՀ պետական պարտքը 2014-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 4 մլրդ 441.5 մլն դոլար, դրանից կառավարության մասնաբաժինը եղել է 4 մլրդ 1.6 մլն դոլար:
«Կառավարության պարտքի մեջ արտաքին պարտքը կազմել է 3 մլրդ 345.3 մլն դոլար, ներքին պարտքը` 656. 3 մլն դոլար: 440 մլն դոլարը Կենտրոնական բանկի արտաքին պարտքն է», -մանրամասնեց Ջանջուղազյանը:
Գլխավոր գանձապետն ասաց, որ պարտքի վտանգավորության աստիճանը որոշվում է մի քանի ցուցանիշների ու չափորոշիչների հիման վրա. «Մեր երկրի օրենսդրության համաձայն, երբ պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը գերազանցում է 60 տոկոսը երկիրը պարտքի ու կայունության տեսակետից դառնում է ռիսկային. «Պետական պարտքի մասին» օրենքով սահմանված է, որ պրատք/ՀՆԱ հարաբերակցությունը չպետք է գերազանցի 60 տոկոսը»:
Գլխավոր գանձապետը բացատրեց, որ եթե պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը գերազանցում է 50 տոկոսը, ապա պետք է զգուշավոր լինել, այս դեպքում օրենքով սահմանվում է, որ ՀՆԱ/դեֆիցիտ հարաբերակցությունը չպետք է գերազանցի 3 տոկոսը:
«Մեր երկրում մենք դեռ այդ սահմաններին չենք հասել, պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը դեռևս գտնվում է կառավարելի մակարդակում»,-ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները