IDeA-ն ու Կովկասի բնության հիմնադրամը կհամագործակցեն Դիլիջանի տարածքում էկոտուրիզմի զարգացման ոլորտում
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի ու Կովկասի բնության հիմնադրամի (The Caucasus Nature Fund ) միջև այսօր համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել համագործակցել Դիլիջան քաղաքում և հարակից համայնքներում, ինչպես նաև «Դիլիջան» ազգային պարկի տարածքում էկոտուրիզմի զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերի շրջանակում:
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժնից հայտնում են, որ հուշագիրը ստորագրել են IDeA հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Գևորգյանը և Կովկասի բնության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Դանիել Սեպիկը:
«Դիլիջան քաղաքն ու հարակից համայնքներն էկոտուրիզմի զարգացման համար բոլոր անհրաժեշտ նախադրյալներն ունեն, և մեր գործընկեր CNF-ի հետ մտադիր ենք ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրեր իրականացնել: Ակնկալում ենք, որ դրանք կնպաստեն ոչ միայն կենսաբազմազանության պահպանությանն ու զբոսաշրջության զարգացմանը, այլև շոշափելի արդյունք կունենան համայնքների սոցիալ-տնտեսական կյանքի աշխուժացման, էկոտուրիզմի ոլորտում աշխատատեղերի ստեղծման առումով»,-նշել է IDeA հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Գևորգյանը:
Նա հույս է հայտնել, որ հետագայում համագործակցության շրջանակները կարող են ընդլայնվել՝ ներառելով նաև բնության հատուկ պահպանության այլ տարածքներ:
Կովկասի բնության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Դանիել Սեպիկը նույնպես կարևոր է համարել սկիզբ առնող գործակցությունը:
«CNF հիմնադրամն արդեն վեց տարի է, ինչ համագործակցում է Հայաստանի հետ՝ աջակցելով բնության հատուկ պահպանվող տարածքների գործունեությանն ու կառավարման արդյունավետության բարձրացմանը: Մենք միայն վերջերս ենք սկսել աշխատել «Դիլիջան» ազգային պարկի հետ, և ուրախ ենք այս ոլորտում մեր ջանքերը միավորել այնպիսի լուրջ գործընկերոջ հետ, ինչպիսին IDeA հիմնադրամն է: Միասին աշխատելով՝ մենք ավելիին կարող ենք հասնել և՝ ավելի կարճ ժամանակահատվածում: Սա իսկապես պայծառ օր է Դիլիջանի համար»,-նշել է նա:
IDeA –ն և CNF-ը ջանքերը կմիավորեն՝ Դիլիջանում և հարակից համայնքներում, ինչպես նաև «Դիլիջան» ազգային պարկի տարածքում էկոտուրիզմի կայուն զարգացման, խթանման ու կառավարման ապահովմանն ուղղված համալիր ռազմավարության մշակման, բնության հատուկ պահպանվող տարածքների և հարակից համայնքների զարգացմանն ուղղված արդյունավետ առաջարկների ձևավորման, ինչպես նաև դրանց կյանքի կոչման համար ներդրումների ներգրավման աշխատանքներում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան