Էրդողանի խորհրդականն Իրանին մեղադրել է տարածաշրջանն ապակայունացնելու մեջ. Թեհրանի արձագանքը
«Իրանն իր գործողություններով ապակայունացնում է տարածաշրջանը և վնաս հասցնում իսլամական աշխարհի միասնությանը»,-այդ մասին իրանական «Արաննյուզ.քոմ» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է Թուրքիայի նախագահի հատուկ խորհրդական Ամրօլլահ Իշլարը:
Իրանի ԱԳՆ-ի՝ տարածաշրջանային հարցերով ավագ փորձագետ Սադեղ Մալեքին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով թուրք բարձրաստիճան պաշտոնյայի հակաիրանական հայտարարություններին, մասնավորապես նշել է. «Թուրքիայի նախագահի խորհրդականի հայտարարության մեջ մի բացահայտ սխալ կա. Իրանի փոխարեն պետք էր օգտագործել Թուրքիա բառը: Եթե այսօր նայում ենք ավերված և վառված Սիրիային, ապա դա Թուրքիայի վարած քաղաքականության արդյունք է: Անկարան, աջակցություն ցուցաբերելով ահաբեկիչներին, մեծ ծառայություն է մատուցել Իսրայելին»:
Շարունակելով խոսքը՝ իրանցի փորձագետը հավելել է. «Ակնհայտ է, որ Թուրքիան իր գործողություններով փորձում է մուսուլմանների մեջ երկպառակտություն առաջացնել. Թուրքիայի ընդդիմադիր ուժերը իշխանություններին բազմիցս նախազգուշացրել են խուսափել կրոնական պատերազմներից: Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» ի հայտ գալն ու հզորացումը տեղի է ունեցել Թուրքիայի ուղղակի և անուղղակի աջակցության շնորհիվ»:
Անդրադառնալով Թուրքիայի տնտեսական իրավիճակին՝ Սադեղ Մալեքին հավելել է. «Թուրքիայի քաղաքական և հասարակական դաշտում առկա պայմաններում այդ երկրի տնտեսությունը ոչ միայն ի զորու չէ դիմանալ պատերազմի, այլ այն չի կարող դիմագրավել նույնիսկ որևէ լուրջ ճգնաժամի»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր որ Իրանը ցանկանում է վերահսկել ողջ տարածաշրջանը և «Իսլամական պետության» տնօրինման ներքո գտնվող տարածքների նկատմամբ վերահսկողություն սահմանել ու շիա-սուննի հակադրություն հրահրել:
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, արձագանքելով Թուրքիայի նախագահի վերոնշյալ հայտարարությանը, նշել էր. «Այն մարդիկ, որոնք իրենց ռազմավարական սխալների և հավակնոտ քաղաքականության արդյունքում անդառնալի կորուստներ են ունեցել, լավ կլինի պատասխանատու քաղաքականությամբ նպաստեն տարածաշրջանում կայունության հաստատմանը»:
Թեմայի առնչությամբ նախորդող հրապարակումները՝
Ադրբեջանում ԻԻՀ դեսպան. Իրանն ու Թուրքիան Սիրիայի և Եմենի հարցում տարաձայնություններ ունեն
Սենատոր Մակ-Քեյն. Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի համար Իրանն ավելի վտանգավոր է, քան «Իսլամական պետությունը»
Իրանի ԱԳՆ-ն Թուրքիային կոչ է արել զերծ մնալ պրովոկացիաներից և հարգել պետությունների ինքնիշխանությունը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում